ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանությունում բարեփոխումների նախագիծը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները: Նիստի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Ընդմիջման ավարտից հետո ԱԺ-ն «111 կողմ» ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Հիշեցնեք՝ նախագծով նախատեսված է ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների փոխարեն ներդնել պարեկային ծառայություն: Այստեղ ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան, զինվորական ծառայություն անցած և միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացիները՝ համապատասխան պատրաստվածություն անցնելուց հետո:
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հացրերի մշտական հանձնաժողի առաջարկությամբ որոշվեց նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել հատուկ ընթացակարգով՝ 24 ժամվա ընթացքում:
Քվեարկության դրվեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի նախաձեռնած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նշենք, որ փաթեթը Ազգային ժողովին հնարավորություն է տալիս չեղարկել ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում նշանակված հանրաքվեն, ինչպես նաև կարգավորումներ է սահմանում այն դեպքերի համար, երբ հանրաքվեն այնուամենայնիվ կայանում է:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նախագիծը հակասահմանադրական է, ուստի իրենք քվեարկությանը չեն մասնակցի:
Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ ԲՀԿ-ն, ևս նախորդ քննարկումներին դեմ էր արտահայտվել այս նախագծին և այն համարել էր հակասահմանադրական: Այսօր ԲՀԿ-ն մինչ քվեարկությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց: