Տարբեր սերունդների մրցակցություն
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Փյունիկ» - «Իմպուլս» եւ «Գանձասար» - «Ուլիս» հանդիպումներով կսկսի ֆուտբոլի Հայաստանի գավաթի 19-րդ խաղարկությունը:
Այդ հանդիպումներից առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել առաջին խաղը, թեեւ չեմպիոնը հանդիպելու է բարձրագույն խմբի նորեկի հետ: Բանն այն է, որ միմյանց հետ մրցակցելու են Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ու նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, այսինքն, մարզչական տարբեր դպրոցներ եւ սերունդներ ներկայացնող մասնագետներ:
Նրանց վերջին մրցակցությունը տեղի է ունեցել 2008 թ նոյեմբերին, «ոսկե խաղում», երբ «Փյունիկն» ու «Արարատը» լրացուցիչ հանդիպում անցկացրին երկրի չեմպիոնին որոշելու համար: Այն ավարտվել է Վարդան Մինասյանի սաների հաղթանակով ` 2:1, ընդ որում խաղի գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանի մրցավարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել:
Այսօր կայանալիք խաղից ահա թե ինչ սպասելիքներ ունեն թիմերի գլխավոր մարզիչները:
«Սա մեր պաշտոնական առաջին խաղն է, ուստի շատ կարեւոր նշանակություն ունի մեր համար: Կապ չունի, որ մենք հանդիպում ենք նորեկի հետ: Գավաթի խաղարկությունում թույլ կամ ուժեղ մրցակիցներ չկան, բոլոր խաղերն էլ անկանխատեսելի են: Կաշխատենք այսօր միմիայն հաղթանակի, որպեսզի պատասխան հանդիպումից առաջ որոշակի առավելություն ստանանք: «Իմպուլսը» բավական ուժեղացել է անցած տարվա համեմատ, ուստի լարված պայքար եմ ակնկալում»,-ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Իսկ «Իմպուլսի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը տեղեկացրեց. «Այսօրվա «Իմպուլսը» ընդամենը երեք ամսվա թիմ է: Անցած տարվա կազմից մնացել են միայն 2 ֆուտբոլիստներ, բայց արդեն ամուր կորիզ ունենք: «Փյունիկը», ինքնին, լուրջ մրցակից է, արագ խաղացող թիմ է, բոլոր օղակներն էլ լավ են համագործակցում իրար հետ: Մեր համար շատ դժվար կլինի, սակայն «Փյունիկին» էլ հեշտ խաղ չի սպասում»:
Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 15:00-ին: Այն ուղիղ եթերում կցուցադրվի հանրային հեռուստաալիքով: