Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քոչարյանի փաստաբանական թիմը՝ ՄԻԵԴ-ի հրապարակած խորհրդատվական կարծիքի մասին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ՄԻԵԴ-ի  հրապարակած  խորհրդատվական կարծիքը համարում է բավականին օգտակար:  Այս մասին նրանք նշեցին այսօր հրավիրված ասուլիսում:

Փաստաբան Արամ Վարդևանյանի պնդմամբ՝ փաստաթղթում տեղ են գտել իրենց կողմից նախկինում հնչած բազմաթիվ դիրքորոշումներ:

Նախ ՍԴ դիմումի 1-2 հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում էին իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին, փաստաբանն ասում է՝ ՄԻԵԴ-ը անդրադարձ կատարել է դրանց 3-րդ հարցի շրջանակներում, թեև որոշակի տպավորություն է առաջացել, որ ՄԻԵԴ-ը ՍԴ-ի առաջին եւ երկրորդ հարցերին չի անդրադարձել:

Ինչ վերաբերում է 300.1 հովածին, Վարդևանյանի մեկնաբանմամբ՝ Եվրոպական դատարանը հստակ սահմանել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի և իրավաչափ լինել, եթե այն բավարար հստակ է և կանխատեսելի:

Նրա խոսքով՝ այս դեպքում հստակության և կանխատեսելիության պահանջները բացակայում են:

Բլանկետային նորմի մասով պարզաբանեց, որ դա ցանկացած այն նորմն է, որը Քրեական օրենսգրքի մեջ չէ, այլ մեկ այլ փաստաթղթի մեջ է, օրինակ՝ 300.1 հոդվածի նորմերը գտնվում են Սահմանադրության մեջ, այսինքն՝ Սահմանադրությունն է բլանկետային նորմը:

Վարդևանյանի խոսքով՝ Եվրոպական դատարանը նաև ընդգծել է, որ արարքի շրջանակը պետք է լինի հստակ.

«300.1 հովածը նաև այս պահանջին չի համապատասխանում՝ նրանից ելնելով, որ 2015 թվականին Հայաստանում տեղի ունեցան Սահմանադրական փոփոխություններ, 2015 թվականից հետո արդյո՞ք Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը փոփոխության ենթարկվել է, պատասխանը հստակ է՝ ոչ, այսինքն՝ կանխատեսելիության կայունության տեսանկյունից այս խնդիրը ևս հստակ ուրվագծվել է»:

Վարդևանյանի ձևակերպմամբ՝ Եվրոպական դատարանը որևէ կերպ կաշկանդված չէ և եթե, խնդիր չտեսներ, առհասարակ կասեր, որ խնդիր չկա կամ ի սկզբանե վարույթ չէր ընդունի:

«Հետադարձ ուժի մասով էլ շատ կոնկրետ նշվել է, որ չի կարող այն արարքը, որը ավելի խստացնող է հետադարձ ուժ ունենալ և նաև նշել է կանոնը ՝ ինչպես կարելի է որոշել հետադարձ ուժի կանոնը կիրառելի է, թե ոչ: Բառացի ասված է՝ պետք է ուշադրություն դարձնել ներպետական պրակտիկային»: 

Մեր երկրում  արդեն իսկ առկա է ներպետական դատական պրակտիկա՝ 7-ի գործով, երբ 300.1-ը դիտարկվել է նոր հանցակազմ, ծանրացնող բնույթով և կիրառման ենթակա չի եղել,-պնդում է փաստաբանը:

Փաստաբանական խմբի անդամ Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ը տվել է այն նպատակները և շրջանակները, ինչով ՍԴ-ն պետք է առաջնորդվի: 

«ՍԴ-ն պետք է կիրառի ներպետական օրենսդրությունը և այն պրակտիկան, որը ձևավորվել է տարիների ընթացքում, ես նկատի ունեմ 2009-ին կայացված 7-ի գործի որոշումները, որտեղ գործերը կարճվել են ՝ ելնելով նոր հանցակազմի հիմքից: Նույն սկզբունքը պետք է կիրառվի տվյալ գործով»:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով խորհրդատվական կարծիքը:

Նշենք, որ նախքան ասուլիսը Արամ Վարդեւանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՄԻԵԴ այսօրվա որոշմանը.

«Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով.

Հարգելի գործընկերներ,

Կարճ ներկայացնեմ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի իմ գնահատմամբ որոշ ելակետերը.

1) ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Սահմանադրության նորմերը եթե հղում են տրվում քրեական օրենսգրքի միջոցով պետք է լինեն հստակ և կանխատեսելի, այդ թվում հանցակազմի տարրերի տեսանկյունից: Այդպիսի բլանեկտային նորմի ձևակերպումը չի կարող լինել այնպես, որ արարքի շրջանակը ընդլայնվի: Մեր դիրքորոշումը ևս մշտապես եղել է նրա մասին, որ 300.1-ը չունի այդ հստակությունը և կանխատեսելիությունը, այդ թվում արարքի շրջանակի մասով, և չի էլ կարող ունենալ:


2) 300.1-րդ հոդվածի բլանկետային նորմերը՝ Սահմանադրության հոդվածները, 2015 թվականին փոփոխության են ենթարկվել՝ հանրաքվեի միջոցով, փաստացի բացառելով դրա հստակությունը, կայունությունը և կանխատեսելիությունը 2008 թվականի ենթադրյալ արարքի մասով:


3) ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ հետադարձ ուժի միասնական կանոն առկա չէ, սակայն Դատարանը միշտ կարևորություն է տվել ներպետական դատական պրակտիկային: ՄԻԵԴ-ը նշել է նաև, որ հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով: Բոլորս գիտենք և մենք դրա մասին հիշատակել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ առկա է ներպետական դատական պրակտիկա՝ 7-ի գործով, երբ 300.1-ը դիտարկվել է նոր հանցակազմ, ծանրացնող բնույթով և կիրառման ենթակա չի եղել: Հետևաբար այս հարցում ևս ՄԻԵԴ-ը արձանագրել է այն, ինչի մասին բազմիցս արձանագրել ենք մենք: Մեր բոլոր դիրքորոշումները ներկայացրել ենք հենց կոնկրետացման սկզբունքից ելնելով, այդ թվում ՍԴ համապատասխան դիմումը:


4) ՄԻԵԴ-ը գտել է, որ ՍԴ դիմումի 1-2 հարցերը որոնք վերաբերում էին իրավական որոշակիության սկզբունքի ընդհանուր մեկնաբանման հարցին, ընդհանուր էին ձևակերպված և առանձին չի պատասխանել:

Սակայն ՄԻԵԴ-ը փաստացի անդրադարձ կատարել է դրանց 3-րդ հարցի շրջանակներում»։