Բացել լրահոսը Փակել լրահոսը
100966081_252932912686668_3034020277202714624_n
A A
Քաղաքականություն

Եվրադատարանի կարծիքը՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հոդվածի մասին

Արդյո՞ք  Ռոբերտ Քոչարյանին կարող էր մեղադրանք առաջադրվել Սահմանադրական կարգը  տապալելու համար։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  քիչ առաջ ներկայացրել  է   գրավոր  խորհրդատվական կարծիք՝  ՀՀ  Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ ՝  Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա։  

Եվրադատարանը չի պատասխանել   Սահմանադրական դատարանի չորս հարցերից երկուսին, թե  արդյոք Կոնվենցիայի 7–րդ հոդվածով սահմանվող և Կոնվենցիայի այլ հոդվածներով (օրինակ՝ 8–11 հոդվածներով) վկայակոչվող «օրենք» հասկացությանը որակական նո՞ւյն պահանջներն են (որոշակիություն, մատչելիություն, կանխատեսելիություն, կայունություն) ներկայացվում, եւ եթե ոչ, ապա ո՞ր չափանիշներով են դրանք սահմանազատվում։

Մասնավորապես,  դատավորները չեն կարողացել  գտնել որևէ ուղղակի կապ հարցերի և ընթացիկ վարույթների միջեւ, որոնք հարուցվել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ՝ 2008թ  սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:

ՍԴ-ն  նաեւ հարցրել էր՝ արդյոք դրույթը, որով սահմանվում է հանցանքը և հղում արվում  ավելի բարձր իրավական ուժ ունեցող և ավելի բարձր մակարդակի աբստրակցիա ունեցող իրավական ակտին, բավարարո՞ւմ է Կոնվենցիայի՝ որոշակիության, մատչելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։ 

Ըստ որոշման՝ այդպիսի դրույթը, որն օգտագործում է «այլ օրենքի հղման» տեխնիկան՝ արարքը կամ անփութությունը քրեականացնելիս, պետք է հնարավորություն տար անձանց կանխատեսել, թե որ արարքը կարող էր իրենց քրեորեն պատասխանատու դարձնել։ Ի թիվս այլ գործոնների, հստակություն և կանխատեսելիություն ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհն այն է, որ հղումը լինի հստակ ձևակերպված, իսկ վկայակոչվող դրույթում հստակ ձևակերպված լինեն արարքի բաղադրիչները։

  Դիտարկելով  չորրորդ հարցը, որը  վերաբերում էր քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին ՝   Եվրոպական դատարանը համարել է, որ  գնահատականները պետք է տրվեն՝ հաշվի առնելով գործի առանձնահատուկ հանգամանքները , ոչ թե վերացականում։

( Ըստ էության՝ որոշում կայացնելը թողել է հայաստանյան դատարանների վրա- խմբ)

Հիշեցնենք, որ  Հայաստանի Սահմանադրական դատարանն   ՄԻԵԴ-ին  ուղղել էր չորս հարց՝  խնդրելով դրանք քննարկել  Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի (Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա) շրջանակում. քանի որ   Քրեական օրենսգրքում   300.1 հոդվածը ամրագրվել է 2009թ-ին, իսկ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված 2008թ իրադարձությունների համար։  

Ըստ  կոնվենցիայի այդ հոդվածի՝   ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական  հանցագործություն չի համարվել։  Ինչպես նաեւ չի կարող  նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական  հանցագործության կատարման պահին։

Բայց նույն հոդվածում ամրագրված է, որ  այն չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է  քրեական հանցագործություն:

 Հավելենք, որ Սահմանադրական դատարանը , երբ  նախորդ  տարվա  հուլիսի 18-ին աշխատակարգային որոշում էր կայացրել   խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին, կասեցրել է   Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները։