Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նարինե Դիլբարյան
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Պարետատան և ընդհանրապես կառավարության աշխատանքը համավարակի զսպման առումով հասել է փակուղու․ «Ժառանգության» նախագահ

Համայնքներում ընտրություններ անցկացնելու գործիքակազմի հնարավոր փոփոխությունների  և կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունների քայլերի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ, լեզվաբան Նարինե Դիլբարյանի հետ։

 

Տիկի՛ն Դիլբարյան, ի՞նչ դիտարկումներ ունեք նախագծերի փաթեթի վերաբերյալ , որով առաջարկվում է մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ, իսկ 4000 և ավելի ընտրող ունեցող եւ մինչեւ 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ անցկացնել:

 

Խիստ սպասելի և պահանջարկված էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ օերնքի փոփոխությունը, բայց այս առաջարկը հարուցում է առնվազն տարակույսներ, որովհետև փորձ է կատարվում տեղեկան ինքնակառավարման մարմինները ևս կուսակցականացնելու։ Այն էլ այն պարագայում, երբ Հայաստանում, անկեղծ լինենք, կուսակցական համակարգն այնքան էլ կայացած չէ։ Ըստ էության՝ կայացած է միայն նոմենկլատուրային կուսակցական համակարգը, այսինքն՝ իշխանության կուսակցությունը։ Իսկ իրականում, իշխող կուսակցությունը Հայաստանում՝ դեռևս Խորհրդային ավանդույթներից, ոչ թե  կուսակցական-գաղափարական ուժն է, այլ որոշակի լծակների հասած և, ըստ այդմ, այդ լծակներում իր համախոհների համախմբող կառույց։ Հիմա եթե մենք փորձում ենք փաստորեն 4 հազար և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում փակել այնպիսի գործիչների, դեմքերի ընտրությունը, որոնք կուսակցական պատկանելություն չունեն, մենք փաստորեն նրանց մղում ենք մտնելու ամենից առաջ իշխող կուսակցության շարքերը։ Եթե հիշենք մեր «խորհրդային» անցյալը, երբ հայտնի կուսակցությունը, որը կոչվում էր Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցություն, ապա կարող ենք վավերագրերով ամուր արձանագրել, որ չկար որևէ կոլտնտեսության ղեկավար, որը կոմունիստ չլիներ։ 

 

Այս մոդելը մենք կիրառել ենք, և այն իրականում բերում է տարածքում ոչ թե կարող ուժերի համախմբման, ոչ թե մասնագիտական, իրենց արհեստավարժությամբ աչքի ընկնող մարդկանց առաջ մղման, այլ՝ իրականում «ով իշխանություն՝ մենք այնտեղ» խավի ակտիվացման։ Ընդ որում, հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեզ մոտ կուսակցությունները հիմնականում իրենց գաղափարաբանություններով չեն տարանջատվում, շատ ընտրողներ կամ շատ կուսակցության անդամներ անգամ չեն կարող խոսել իրենց կուսակցության ծրագրի մասին։ Եվ եթե հարցնես, թե իրենց կուսակցությունն ինչպիսի տեղ է գրավում գաղափարական դաշտում, նրանք չեն էլ կարող դա ձևակերպել։ Ուստի ծագում է այն ուղղակի կասկածը, որ այս կերպ փորձ է արվում ուժեղացնելու իշխանությունը, ուժեղացնելու իշխանական թիմը նաև տեղական ինքնակառվարման մարմիններում։ Նաև անկեղծ լինենք՝ անցած ամբողջ ժամանակահատվածում եղել են շատ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որտեղ «Իմ քայլ»-ի ներկայացուցիչները չեն հաղթել, և կարծես, դա ժողովրավարական երևույթ էր, բայց «Ժառանգություն»-ը մտավախություն ունի որ սա ընդամենը բերելու է իշխանության, նոմենկլատուրային կառույցի ուժեղացմանը տեղական ինքնակառավարման մարմիններում։ Սա փաստորեն թույլ չի տալու մասնագիտական և իրենց կարողություններով կամ հանրային ակտիվությամբ աչքի ընկնող մարդկանց ինքնուրույն դրսևորվել, կամ պետք է ինչ-որ «տանիք» գտնեն կամ ոչ։ Իսկ լայն և հարմար տանիքներ են նրանք, որոնք իշխանական են։



Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների աշխատանքը, քայլերը կորոնավիրուսի դեմ պայքարում։ 

 

Խիստ տագնապալի է, և ժամանակն է կրկին ահազանգ հնչեցնելու, որ պարետատան և ընդհանրապես կառավարության աշխատանքը համավարակի զսպման և թագավարակի դեմ միջոցառումները կայացնելու առումով հասել է ինչ-որ տեղապտույտի և անգամ փակուղու։ Նկատելի է, որ հատկապես առողջապահության նախարարությունը չի գործակցում համաճարակաբանների հետ, որովհետև տարբեր մասնագետներ ելույթ են ունենում և արձանագրումներ կատարում, որոնք չեն համապատասխանում կիրառված մարտավարությանը։ Ու կարող ենք նշել, որ կարծես, տեղի ունեցավ մեկուսացում, կանգ առավ տնտեսական կյանքը, բայց քանի որ մենք չկատարեցինք բավարար քանակի նմուշառում, այսինքն՝ թեստեր, մենք անընդհատ մոտենում էինք այդ հազարին, բայց մինչև հասանք այդ հազար և ավելիին, ի՞նչ տեղի ունեցավ։ Մեկուսացման քաղաքականությունը հասցվեց նվազագույնի, տարբեր տեսակի հիմնարկությունները, ձեռնարկությունները, արտադրությունները սկսեցին աշխատել, և քանի որ այս թագավարակի պայմաններում շատ վարակվածների ֆիզիկական վիճակը բավարար էր, գնացին աշխատանքի, և փաստորեն տեղի ունեցան վարակման դեպքեր։ 

 

Բայց ընդհանուր մեծ ոլորտների թեստավորում չկատարվեց, ինչպես արել էին այլ երկրներ, իրենց լավ զգացող վարակակիրները (մենք գիտենք, որ թագավարակ կրողների մոտ 60 տոկոսը անախտանիշ է, և փաստորեն որևէ բուժհաստատության բուժառու չի հանդիսանում) գնացին աշխատելու և սկսեցին վարակել, թվերը սկսեցին աճել։ Ընդ որում նշենք, որ վարչապետ Փաշինյանն ինքն ասաց, որ նշված թվերը չեն արտահայտում իրական, օբյեկտիվ վիճակը։ Եվ ենթադրենք՝ եթե 3-4 հարյուր և 4 հարյուրից ավելի հիվանդներ են, ապա պետք է ենթադրել, որ այս հիվանդների թիվը պետք է բազմապատկել ևս երկուսով։ Այսինքն՝ պարետատունը և պատկան մարմիններն իրենց առջև դրված խնդիրը չլուծեցին։ 



Ի՞նչ քայլեր պետք է արվեն

 

Պետք է շատ արագ միջոցառումներ ձեռնարկել, ընդորում մասնագիտական  փորձառություն ունեցող մարդկանց հետ և նաև հաշվի առնել այլ երկրների փորձը։ Թեստավորումը հնչեց որպես գաղափար, և, կարծես, ֆինանսավորում հատկացվեց, որ կարողանանք տեղական ուժերով, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պետք է արտադրեր ախտորոշող թեստեր։ Հնչեց, որ կարող են օրական 1000 թեստ արտադրել, տարբեր պետությունների կողմից ևս թեստեր էին հատկացվում։ Ամենակարևոր խնդիրը այդ հիվանդներին գտնելն ու թույլ չտալն է, որպեսզի նրանք շարունակեն վարակել, որովհետև շարունակաբար վարակվողներն արդեն կպատկանեն այն մարդկանց թվին, որոնք վարակը թեթև են տանում։ Դրա հետևանքով, ցավալիորեն իհարկե, մեզ մոտ սկսում է աճել մահերի թիվը։ Եվ բացի դրանից առողջացողների թիվը, այսինքն՝ վարակը թոթափածների թիվը, չի աճում այն համամասնությամբ, ինչ՝ նոր վարակվածների քանակը։ Եվ մենք այսպես կարող ենք շատ արագ, այն էլ՝ տաք եղանակի պարագայում, նորից բախվել կտրուկ աճի հետ, որի պարագայում մեր բուժհիմնարկները, արդեն գերծանրաբեռնված լինելով, չեն կարողանա նոր հիվանդների տեղավորել։