Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 17-ը նոյեմբերի․ Դաշնակցությունը հավաքվել է որոշելու՝ ով է հայ, եւ ով հայ չէ (տեսանյութ)

1997-ի նոյեմբերի 17-ին փողոց դուրս եկած այս մարդիկ բողոք չունեն, նույնիսկ առողջությունից չեն բողոքում։ Սակայն նրանք դուրս են եկել առողջության քայլարշավի, որպեսզի միջոցներ գտնեն կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց համար։ Քայլարշավին միացել են նաեւ դեսպանները։ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին անդամակցող Հայաստանի միջուկային միակ օբյեկտը բաց է ՄԱԳԱՏԵ-ի առաջ,-նույն օրն ասում է արտգործնախարարության մամուլի խոսնակը։ Ըստ խոսնակի, ՄԱԳԱՏԵ-ն ազատ ելումուտ կարող է ունենալ մեր ատոմակայանում։ Խոսքն, իհարկե, միայն ատոմակայանի մասին չէ, այլ բոլոր այն օբյեկտների, որտեղից ՄԱԳԱՏԵ-ն, այսպես ասած ատոմի միջուկի հոտ կառնի։

Արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նույն օրը «Իրավունք» թերթի մի հրապարակման առիթով ուղղակի ընդհատեց իր խոսնակի մամուլի ասուլիսը։ Հրապարակումը նախարարության աշխատակիցներին անվանել էր անտեղյակ։ Նախարարը խոստացավ միջոցներ գտնել եւ «Իրավունքի» բանից անտեղյակ լրագրողին ուղարկել վերապատրաստման։

«Նա շատ երիտասարդ է»,-նույն օրը ֆիլհարմոնիկի դահլիճում մշակույթի նախարարն այսպես է ներկայացնում դիրիժոր Օհան Դուրյանին։ Մաեստրոն դառնում է 75 տարեկան։ Նախագահ Տեր-Պետրոսյանն Արա Սահակյանի ձեռամբ նրան է հանձնում Մեսրոպ Մաշտոց մեդալը։

1998-ի նոյեմբերի 17-ին Դաշնակցությունը Գիտությունների Ազգային ակադեմիայում հավաքվել է որոշելու՝ ո՞վ է հայ, եւ ով հայ չէ։ Հային պետք է որոշեն Ազգային գիտակցությանը նվիրված գիտաժողովի ընթացքում։ Օրինակ, Սայաթ Նովան հայ է՝ նրա երգերը լացացնում են մեզ։ Նույն օրը Հայաստանի քրդերը Իտալիայից պահանջում են Օջալանի ազատությունը։ Այս օրերին Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է նրան։

Բողոքավորների հոսանքը շարժվում է դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Քրդերը բուռն են իրենց պահանջները շարադրելիս։ Նրանք վերսկսում են մի քանի օր առաջ դադարեցված հացադուլը։ Նրանց թիվը կարող է հասնել 70-ի։ ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու համար 1999-ի նոյեմբերի 17-ին Ստամբուլ է մեկնում նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Օդանավակայանում նա հաջողացնում է կատակել վարչապետ Արամ Սարգսյանի հետ։ Արտգործնախարարն ասում է, որ Ստամբուլում հետաքրքրություն ներկայացնող հակամարտություններից առաջինը Չեչնիան է։  1999-ի նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ մեկ ամսից ավելի նստացույց անող երկու հոգեւորական մասնագիտանում է քաղաքական մարգարեություններ անելու մեջ։ Ստամբուլի գագաթաժողովից հետո, ըստ Գրիգոր քահանայի, Հայաստանի քաղաքական դաշտում լուրջ բաներ են սպասվում։ 2

000 թվականի այս օրը համագումարի են հավաքվում աֆղանական պատերազմի վետերանները։ Միության նախագահ, պատգամավոր Արմեն Մխիթարյանը նշում է, որ ինքը միության մոտ 30 անդամի աշխատանքի է դասավորել: Սակայն խնդրում է նրանց՝ մի մոռացեք միությունը ձեր աշխատանքի մեջ: Նույն օրը վերջապես բացվում է Դավիթաշենի կամուրջը: Կարմիր ժապավեն կտրողը Ռոբերտ Քոչարյանն է։

Ուկրաինան շահագրգռված է Իրան-Հայաստան գազամուղի շինարարությամբ,-այս օրն Ամերկյան համալսարանում ասում է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Օլեքսանդր Բոժկոն: Դեսպանն ասում է նաեւ, որ Ուկրաինային հենց էներգետիկ համագործակցության տեսակետից է հետաքրքիր Հայաստանը: Դեսպանին ԱՊՀ կոչվող հեքիաթը հետաքրքիր չէ։ Աբովյանցի բորբոքված վարորդները 2001-ի նոյեմբերի 17-ի վաղ առավոտից Երեւանում են: Նրանք Ռոբերտ Քոչարյանից արդարություն են պահանջում, 6 ամիս առաջ մարդիկ շահել են Երեւան-Աբովյան երթուղու սպասարկման մրցույթը եւ պարզվում է, որ նույն մրցույթին մի անգամ էլ դեռ պետք է մասնակցեն։

Նույն օրը համագումար են հրավիրում «Օրինաց երկիր» կուսակցության կանայք: Այստեղ հավաքված են կուսակցության մոտ 16 հազար կին անդամների պատվիրակները: Նրանք եկել են ասելու, որ անիմաստ է խոսել ժողովրդավարության մասին, քանի դեռ կանայք խնդիրներ ունեն:

2008-ի նոյեմբերի 17-ին 3 հոգի հարձակվում է Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի վրա: Վերջինս դիմադրում է այնքան, մինչեւ հարձակվողներից մեկը քարով հարվածել է նրա գլխին, որին հաջորդած արյունահոսությամբ էլ ավարտվում է ծեծկռտուքը: Գալուստ Սահակյանը 2009-ի այս օրը ոչ մի ցանկություն չունի մեկնաբանելու նախորդ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի հիշտակած Եղիազար Այնթափցու 17-րդ դարում կաթողիկոս դառնալու պատմությունը։

2011-ի նոյեմբերի 17-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մանկապղծության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտում Միացյալ Նահանգների 70-ամյա քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին: Ախթալայի «Մեթըլ փրինս» կորպորացիայի սեփականատերն ընդունում է, որ ինքն իսկապես սեռական հարաբերություններ ունեցել է Ախթալայի երիտասարդ, ինչպես նաեւ անչափահաս տղաների հետ, բայց ոչ նրանց կամքին հակառակ: