Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայկական սպորտի հիմնադիրները և նրանց դառը ճակատագիրը

1918 թվականի մայիսի 28-ին երբ Հայաստանը հռչակեց իր անկախությունը, երկրում սպորտային կյանք որպես այդպիսին բարզապես գոյություն չուներ: Պատճառները բազմաթիվ էին, ինչպես օբյեկտիվ, այդպես էլ սուբյեկտիվ:

Նախ, Ռուսական կայսրությունում, որի կազմի մեջ էր մտնում Հայաստանը, սպորտն այնքան էլ զարգացած չէր, հատկապես հեռավոր շրջաններում: Միայն 1913 թվականին Նիկոլայ 2 թագավորը հրամայում է ստեղծել սպորտի զարգացման կանցելարիա, քանի որ մեկ տարի առաջ ռուս մարզիկները պարզապես խայտառակվել էին Ստոկհոլմում կայացած օլիմպիական խաղերում: Սակայն, 1914թ սկսվում է առաջին աշխարհամարտը, և սպորտը ընդհանրապես մոռացության է տրվում կայսրությունում:

Արևմտյան Հայաստանը, որն Օսմանյան կայսրության մի մասն էր կազմում, պարզապես կտրված էր քաղաքակրթությունից: Սակայն, պոլսահայերը բավական ակտիվ էին մարզական հարցերում: 1911-14թթ սպորտային գործիչ Շավարշ Քրիսյանը, որը Լոնդոնում երկու ու կես տարի եղել էր մարզիչ Սանդոյի սանը, Կ.Պոլսում և հայաշատ այլ քաղաքներում սկսում է հիմնադրել մարզական ակումբներ և կազմակերպություններ: Նրա նախաձեռնությամբ այդ տարիներին անցկացվում են համահայկական առաջին խաղերը: 

1915թ ապրիլի 24-ին հայ ակնառու գործիչների հետ նա բանտարկվում է և աքսորվում Այաշ: Օգոստոսի 15-ին թուրք բանտապահները խոշտանգում և սպանում են Շավարշ Քրիսյանին, քանի որ նա բանտում մարմնամարզություն էր պարապում բանտարկյալների հետ և բարձր էր պահում նրանց ոգին ու մարտունակությունը:

Նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունում սպորտային կյանքը մի փոքր ակտիվացավ, երբ երկրում հարաբերական խաղաղություն հաստատվեց: Ինչպես գրում է հայկական ֆուտբոլի առաջին պատմագիր Լևոն Ահարոնյանը, 1918 թվականին Երևանում կազմակերպվել է առաջին ֆուտբոլային հանդիպումը: Դրա համար Անգլիական այգում կտրատվել են տասնյակ ծառեր՝ խաղահրապարակ ստեղծելու համար: Հանգստյան օրերին այդտեղ ոտքի գնդակ են խաղացել Հայաստանում գտնվող անգլիացի զինվորականները, էմիսարները, գործակալները և այլն: Իսկ ահա Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի) տեղակայված ռուսական զորանոցում զինվորականները հիմնել են ֆուտբոլային առաջին թիմը՝ «Սոկոլը»:

Հայաստանում սպորտային կյանքը ակտիվացնելու առաջին փորձերը կատարել է այն ժամանակների Հանրային կրթության եւ արվեստի նախարար Գեւորգ Մելիք-Ղարագյոզյանը, ով հանձնարարել է Երևանի տղայոց գիմնազիայում հիմնել մարզական ընկերություն: Վերջինիս ներկայացուցիչն անգամ առաջարկել է անցկացնել համահայկական խաղեր և դրա հաղթողներին ուղարկել օլիմպիական խաղեր:

«Մեր օլիմպիադայի հաղթողներին պետք է ուղարկել ազգի անունից Եվրոպա՝ համաշխարհային օլիմպիադաների», - գրել է գիմնազիայի մարմնակրթության պատասխանատուն՝ պրապորշչիկ Առաքելյանը:

    1919 թվականին Երևանում ստեղծվում է սկաուտական առաջին խումբը: Այդ շարժման հիմնադիրներից մեկին՝ Եզնիկ Քաջունուն, հանձնարարվում է կազմել մարմնակրթության ծրագիր: Շուտով ստեղծվում են նման տասնյակ խմբեր: Ապրիլի 18-ին, շարժման հիմնադրման օրը, հունգարացի սկաուտապետ Ալբերտ Սիրմայի ղեկավարությամբ պատանի սկաուտները տարբեր մարմնամարզական վարժություններ և խաղեր են ցուցադրում երևանցիների համար:

Սկաուտական շարժումը, այդ թվում ֆիզիկակա կուլտուրան, ավելի ակտիվացնելու համար, Կ.Պոլսից Հայաստան են հրավիրվում Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության մարզական գործիչներ Վահան Չերազը, Տիգրան Խոյեանն ու Օնիկ Յազմաճյանը: Վերջինը վերևում հիշատակված Եզնիկ Քաջունու հետ գործունեություն է ծավալում Երևանում, իսկ առաջին երկուսը գործուղվում են հանրապետության երկրորդ քաղաք Ալեքսանդրապոլ: Նրանց ջանքերով 1920թ սեպտեմբերի 26-ին կազմակերպվում է Ալեքսանդրապոլ – Երևան առաջին ֆուտբոլային հանդիպումը: Այն ավարտվում է դաշտի տերերի հաղթանակով՝ 1:0:

Ավաղ, շուտով սկսվում է հայ-թուրքական պատերազմը: Այն ավարտվում է դեկտեմբերի 2-ին կնքված Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագրով, որի արդյունքում հայ-թուրքական սահման է ընդունվում Ախուրյան և Արաքս գետերը, Թուրքիային են անցնում Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, իսկ ՀՀ կառավարությունն իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնվում է բոլշևիկյան Ռուսաստանին, որը նոյեմբերի 29-ին բանակով արդեն մտել էր հանրապետության տարածք։

Հայկական սպորտի առաջին մարզիչ-մանկավարժները, ավաղ, տարբեր ճակատագիր ունեցան: Տիգրան Խոյեանը վերադառնում է Կ.Պոլիս, իսկ հետո բնակություն հաստատում Նյու Յորքում:  1922-ին Խորհրդային Հայաստանում փակվում են սկաուտական խմբերը: Օնիկ Յազմաճյանն ու Եզնիկ Քաջունին մնալով անգործ, ստիպված հեռանում են Հայաստանից: 

Վահան Չերազը փորձում է շարունակել իր գործունեությունը Ալեքսանդրապոլում, սակայն 1927 թվականին նա ձերբակալվում է բոլշևիկների կողմից, իսկ 1928-ին հունվարի 9-ին գնդակահարվում Թիֆլիսում: