A
A
ՀՀ ՄԻՊ-ը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մասնակցել է ազատազրկված անձանց ստեղծագործական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքին
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է ազատությունից զրկված անձանց ստեղծագործական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքի և համերգային միջոցառման։
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ցուցասեղանների տարածք, ծանոթացել ազատությունից զրկված անձանց ձեռքի աշխատանքներին և կատարել գնումներ։ Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնին։
Միջոցառմանը ներկա են եղել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը, Արդարադատության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Քրեակատարողական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հյուրեր։
Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համագործակցությամբ կազմակերպված համերգային ծրագրին կատարումներով հանդես են եկել թատրոնի առաջատար մեներգիչները։
Միջոցառման ավարտին Անահիտ Մանասյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին գալիք տոների առթիվ: Պաշտպանը մաղթել է, որպեսզի գալիք տարին բերի նոր հույսեր և ուժ՝ կառուցելու մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը կզգա, որ ինքն արժևորված է, իսկ մարդու իրավունքները` հարգված և պաշտպանված:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է ազատությունից զրկված անձանց զբաղվածության, ստեղծագործական ներուժի բացահայտման և զարգացման հնարավորությունների ապահովումը՝ որպես նրանց վերասոցիալականացման, ինքնադրսևորման և հասարակության հետ կապի պահպանման կարևոր բաղադրիչ։
.jpg)


