Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage
A A
Մշակույթ Հասարակություն

«Հաց թխելը համեմատում եմ մեդիտացիայի կամ աղոթքի հետ»

Ճանապարհորդելն իմ ապրելակերպն է: Դեռ ուսանողական տարիներից տարբեր եվրոպական երկրներում մասնակցել եմ մասնագիտական ծրագրերի և summer school-երի, տեսել եմ ծանոթ երևույթների նորովի մատուցման ձևեր և անընդհատ մտածել, թե ինչպես դա կարելի է անել մեր երկրում:

Ամեն երկիր ունի իր տեսարժան վայրերը, ճարտարապետությունը, թանգարանները, որով և հետաքրքիր է: Բայց ամենից շատ ինձ հետաքրքրել է այն ձեռագիրը, ինքնության այն բնորոշ գիծը, որով երկրները տարբերվում են միմյանցից, ինձ տարբերությունն է հետաքրքիր, ինչպես նաև այն, թե ինչպես են մատուցում իրենց ունեցածը: Իմ ուսանողության տարիներին թերևս տուրիզմը Հայաստանում նոր-նոր էր ձևավորվում, և մենք դեռ շատ բաների մասին պատկերացում չունեինք: Առավել ևս թե ինչ ասել է երկրի բրենդինգ: Իսկ այդ երևույթին ես ծանոթացա, երբ սովորում էի Խորվաթիայում: Երկիրը խորհրդանշող գունագեղ լոգոտիպը տպվել էր մտքիս մեջ: Այսօր արդեն գիտենք, որ գրեթե բոլոր երկրները ունեն իրենց բրենդբուքը, սիմվոլիկան և կարգախոսը, որով դեպի իրենցեն հրավիրում զբոսաշրջիկներին:Մենք իհարկե ունենք  մեր խորհրդանիշերը՝ Արարատ լեռը, հայկական կոնյակը, ծիրանը, սակայն մեր երկիրը դեռ չունի իր բրենդբուքը, և մեր խնդիրներից մեկն է երկիրը՝ որպես տուրիստական յուրօրինակ ուղղություն ճիշտ բրենդավորելը: Ճիշտ է, մեր երկրի բրենդբուքի փորձեր արվել են, բայց այս պահին ավարտուն արդյունք կարծես թե չունենք:

 

«Ա1+»-ի հեռախոսազրույցը «Just travel»-ի տնօրեն Նաիրա Թովմասյանի հետ:

 

– Նաիրա, մասնագիտությամբ տնտեսագետ լինելով, ինչու որոշեցիք  զբաղվել տուրիզմով:

 

– Ավարտել եմ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը: 10 տարի աշխատել եմ Երևանի կոնյակի գործարանում, ղեկավարել եմ «Արարատ» ժառանգության կենտրոնը, որը կոնյակի գործարանի տուրիստական կենտրոնն էր: Պատվիրակությունների՝ պաշտոնական, նախագահական, մշակութային գործիչների ընդունելությունը, շրջայցերն էինք կազմակերպում, նաև այցելությունները զբոսաշրջիկների համար, ու իմ սերը զբոսաշրջության հանդեպ, երևի այդտեղ է «արթնացել»: Անընդհատ մտածում էի, թե ինչպես կարելի է հետաքրքրություն ստեղծել, որ մարդիկ, որոնք գալիս են Հայաստան, անպայման ինչ-որ բանի սիրահարված մեկնեն երկրից: Երևի մի քանի տարի տուրօպերատոր դառնալու գաղափարը մեջս եփվում էր: Եփվեց այնքան, մինչև ճակատագրի բերումով հանդիպեցի մի օտարերկրացու, ով փնտրում էր գործընկեր Երևանում, որ զբոսաշրջիկներ ուղարկի: Մեր կոնտակտը հենց սկզբից շատ լավ ստացվեց, առաջին խումբը մեծ գոհունակությամբ մեկնեց երկրից,վստահություն առաջացավ, որը և իմ առջև բացեց ճանապարհ դեպի տուրիզմի ոլորտ:

 

– Քանի՞ տարի է արդեն, որ գործում է«Just travel»-ը:

 

 – Արդեն վեց տարի:

 

– Ի՞նչն եք համարում կազմակերպության հաջողության գրավականը:

 

 – Մենք մի շատ կարևոր չգրված օրենք ունենք: Մեզ համար չկա տուրիստ հասկացողություն, կա հյուր: Եվ մեր հյուրերը դառնում են մեր լավ ընկերները, հնարավորության դեպքում կրկին այցելում են, նաև իրենց ծանոթներին են ուղարկում: Երևի հաջողության ամենակարևոր գրավականներից մեկն այն է, որ չունենք ժամանակացույց: Մենք նրանց հետ գրեթե 24 ժամ կապի մեջ ենք, հասանելի ենք, զբաղվում ենք ոչ թե որպես պարտականություն, այլ ինչպես կվերաբերվեինք հարազատին:

Նաև փորձում ենք ստանդարտ տուրերից բացի մեր յուրահատուկ շտրիխը մտցնել: Օրինակ, Գառնի, Գեղարդ, Սևանը համեմում ենք մեր հյուրերին որևէ արտիստի տուն տանելով, որովհետև դա հիշվող առիթ է դառնում՝ գալ և այդ երկրի հայտնի որևէ մեկի հետ ուղղակի իր տանը գինի խմել, ճաշել, զրուցել, երգել, պարել ... Մեր հյուրերին հյուրընկալող մեր ամենասիրելի ընկերներից են ջազմեն Գարի Քյոսայանը և նրա կինը՝ դերասանուհիԱլլա Սահակյանը: Նրանք շատ գեղեցիկ սեփական տուն ունեն, որը նաև արվեստանոց է:

 

–Ընկերության անվանումն ի՞նչ-որ խորհուրդ ունի:

 

– Դեռ տարիներ առաջ, 2008-ին հանդիպեցի մեկին, ով հետո դարձավ իմ մոտ ընկերը, բայց այդ ժամանակ նա, կարելի է ասել հոգևոր առաջնորդի դեր կատարեց իմ կյանքում: Ի դեպ, ասեմ, որ իմ կյանքի որոշակի  էտապներում միշտ հանդիպում են մարդիկ, որոնք կարծես հատուկ առաքելությամբ ինձ ուղարկված լինեն: Մի հարցով, որ տատանվում էի՝ անեմ, թե չանեմ, կիսվեցի հետը,և նա մի շատ լավ բան ասաց՝ գիտե՞ս NIKE ֆիրմայի գովազդը, ամենալավ գովազդն է «Just do it»՝ արա, և մի մտածիր: «Just do it»-ը դարձավ իմ կյանքի սկզբունքներից մեկը, և երբ մտածում էի ինչպես անվանեմ  տուրիստական գործակալությունը, հիշեցի «Just do it»-ը, և անվանեցինք «Just travel», այսինքն՝«մի մտածեք, ուղղակի ճանապարհորդեք»:

 

– Դուք հիմնականում ներգնա տուրիզմո՞վ եք զբաղվում:

 

– Այո, և մեր գործունեության մոտ 90%-ը ռուսական շուկան է: Նաև մասնագիտացված ենք միջոցառումների կազմակերպմամբ: Միջազգային կոնֆերանսներ ենք կազմակերպել տարբեր երկրների կազմակերպությունների համար: Ամերիկյան մի գործընկեր ունենք, որի համար ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ մյուս երկրներում ենք միջոցառումներ կազմակերպում: Վերջիններից մեկը Տաշքենդում էինք կազմակերպել: Նախատեսվում էր ևս երկու միջոցառում՝ Մոսկվայում և Լվովում, բայց ցավոք համավարակը  խանգարեց:

 

 –Համավարակից ամենաշատ տուժած ոլորտներից է տուրիստական ոլորտը: Ի՞նչ կանխատեսումներ են անում այսօր մեր տուրիստական գործակալությունները և ինչպես են փորձում դուրս գալ այս իրավիճակից:

 

– Տուրիստական ընկերությունները ցայտնոտի մեջ են, որովհետև այս պահին դժվար է ինչ-որ բան մտածել և կանխատեսել, և շատերը փորձում են կենտրոնանալ ներքին տուրիզմի վրա: Սա հարցի շատ թեթև լուծում է, քանի որ ներքին տուրիզմը համարժեք ծավալ չի կարող ապահովել: Անցյալ տարին՝ 2019 թ-ը ներգնա տուրիզմի առումով լավ տարի էր:

Ակնհայտ ավելացել էին այցելությունները Ռուսաստանի Դաշնությունից, և դրան հատկապես նպաստել էր այն, որ 2018-ի փետրվարից Ռուսաստանի քաղաքացիները կարող էին ճանապարհորդել ներքին անձնագրերով: Որպես ընկերություն, որը հիմնականում աշխատում է ռուսական շուկայի հետ, ես դա կարող եմ փաստել: 2020 թվականն էլ լավ էր սկսվել, արդեն տարվա սկզբից ապրիլ և մայիս ամիսների համար բավականին ամրագրումներ ունեինք: Ես շատ հանգիստ էի, որ ամեն ինչ իր հունով գնում է, և զարգացման այդ իներցիայի տեմպը սկսել էր աճել: Համավարակի արդյունքում չեղարկվեցին բոլոր ամրագրումները մինչև հուլիս-օգոստոս ամիսները ներառյալ: Դեռ պարզ չէ իրավիճակը, արդյո՞ք հուլիսից հայտարարված որոշ թռիչքների վերաբացումը կնպաստի ներգնա տուրիզմի վերակենդանացմանը:Կուզեի այս «երազանքը» լիներ իրատեսական, բայց մյուս կողմից էլ տեսնելով մեզ մոտ համավարակի աճի տեմպերը, մտավախություն ունեմ: Սակայն ուզում եմ լինել լավատես:

 

Մոտավոր հաշվարկներով 2020 -ի առաջին կիսամյակում Հայաստանը ներգնա տուրիզմից չստացավ ավելի քան 230 միլիոն դոլարի մուտք: Այս թիվը կստանանք, եթե համադրենք 2019 թվականի առաջին կիսամյակի այցելությունների ցուցանիշը2020 -ի նույն ժամանակահատվածի հետ՝ առաջին դեպքում 770 հազար զբոսաշրջիկ, իսկ երկրորդ դեպքում 311 հազար: Սա տուրիզմի ֆեդերացիայի նախագահի կողմից հայտարարված թվերն են, ու եթե դիտարկենք, որ մոտավոր հաշվարկով մեկ զբոսաշրջիկը ծախսում է նվազագույնը 500 դոլար, ապա Հայաստան այս ամիսներին մոտ 230 միլիոն դոլարի մուտք տեղի չի ունեցել:

 

Անգամ լավագույն սցենարի դեպքում, այս տարի ներգնա տուրիզմի շարժ կարող է դիտարկվել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Եթե այդ սցենարը Աստծո կամոք իրականություն դառնա, տուրիստական ընկերությունները կկարողանան մի քիչ շնչել: Բայց մտավախություն ունեմ, որ շահույթ այս տարի դժվար թե գրանցենք, քանի որ չգիտենք՝ ինչ տեմպերով կաշխատենք, ի վերջո բնակչության մոտ գնողունակության անկում կլինի, շատերը կվախենան ճամփորդել, ու տուրիստական ընկերություններին դժվար կլինի երկու ամիս աշխատելով ծածկել մնացած 9-10 ամիսների բացթողումները: Բայց սա գոնե հնարավորություն կտա որոշակի շարժ ապահովել և կանխատեսում ենք, որ քիչ թե շատ արդեն մյուս տարվա ապրիլ ամսից զբոսաշրջային հոսքը կսկսի կայունանալ: Կուզեինք իհարկե տեսնել զբոսաշրջության վերականգնման պետական ծրագիր, այսինքն քայլերի հաջորդականություն, որով երկիրը պետք է առաջնորդվի տնտեսության վերագործարկման հենց առաջին օրից:

 

Առհասարակ ներգնա տուրիզմը մի ոլորտ է, որին անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել: Նախ այն տնտեսության համար մուլտիպլիկատորի դեր է կատարում, քանի որ շղթայական ռեակցիայով նպաստում է նաև հարակից ոլորտների զարգացմանը, որտեղ առավել կարևորը թերևս մարզերի զարգացումն է, ինչին ես մեծ կարևորություն եմ տալիս: Բացի այդ, սա դեպի տնտեսություն հավելյալ գումարների լուրջ ներհոսքի աղբյուր է, այսօր աշխարհի նույնիսկ ամենազարգացած երկրները լրջագույն եկամուտներ ապահովում են հենց ներգնա տուրիզմի հաշվին: Եվ այս պատճառով է, որ ներկայիս դժվարին ժամանակահատվածում առավել կարևոր է տուրիզմի ոլորտի ընկերություններին օգնել մնալու ջրի երեսին, որպեսզի չհյուծվեն և վաղը կարողանան վերականգնել իրենց կենսագործունեությունը: Ճիշտ է կառավարությունը բազմաթիվ միջոցառումներով աջակցության տարբեր ծրագրեր է իրականացրել, սակայն այս պահի դրությամբ մեզ համար բաց է դեռևս շահութահարկի կանխավճարների հարցը, որը եթե իրականացվի նախորդ՝ «հյուրառատ» տարվա ցուցանիշների հետ համադրությամբ, մենք կարող ենք լուրջ ֆինանսական բեռի տակ ընկնել՝ չկանխատեսելով շահույթ այս տարվա համար: 

 

– Հուսանք, որ լավատեսական կանխատեսումը կիրականանա: Իսկ ինչ կասեք Ձեր նոր հոբբիի մասին: Ինչպե՞ս ծագեց հաց թխելու գաղափարը:

 

–Ճամփորդությունների ժամանակ տեսարժան վայրերին և թանգարաններին զուգահեռ, շատ եմ սիրում այցելել շուկաներ, մթերքների ու հացի խանութներև փորձել զգալ նաև տվյալ երկրի համը՝ ֆրանսիական բագետները անզուգական են բուրում հենց Ֆրանսիայում, գերմանական ամբողջահատիկ հացերը իրենց տեսականիով պարզապես մոլորեցնում են: Ինչպե՞ս այդ ամենի կողքով անտարբեր անցնես:Անցյալ տարի Ավստրիայի Գրաց քաղաքում մի շատ գեղեցիկ շենք տեսա, մտածեցի, որ թանգարան է: Պարզվեց հացաբուլկեղենի խանութ է և ամենահներից մեկը: Սա է հենց մշակույթը, թե ինչպես են մարդիկ վերաբերվում հացին, հացի թխմանը: Դարեր ի վեր հացը սրբություն է եղել բոլոր ազգերի համար:

Եվ իմ երկրորդ հոբբին ճանապարհորդությունից հետո, դարձավ հաց թխելը: Որոշեցի ինքս հաց թխել և հասկացա, որ սա մեդիտացիայի պես մի բան է, որն իրոք կտրում է ինձ իրականությունից, և այդ ժամանակ այլ հոգեվիճակի մեջ եմ մտնում: Նախկինում, ինչպես յուրաքանչյուր կին, ես խմորեղեն թխել եմ, բայց ոչ հաց: Հիմա կարող եմ ասել, որ հաց թխելը բավականին տարբերվում է խմորեղեն թխելուց, այն երևի թե ուրիշ հոգեվիճակ է պահանջում, մի հոգեվիճակ, որ ինձ աղոթք է հիշեցնում: Անկախ քեզանից, երբ բաղադրիչները խառնում ես, հունցում ես, ուզում ես ստանալ լավագույն արդյունք, ու այնքան ես մտքերով ընկղմվում, որ կտրվում ու անէանում ես իրականությունից: Դրա համար այն համեմատում եմ մեդիտացիայի կամ աղոթքի հետ: Թթխմոր սարքելը և պահելը նույնպես արարողություն է, պետք է նրան կերակրես, որպեսզի «արթուն» մնա: Երեխայի պես պետք է անընդհատ խնամես, հոգ տանես: Հացը ոնց որ կենդանի շունչ լինի:Մենք շատ ենք հեռացել մեր իրական ակունքներից: Այս օրերին ես դրա մասին շատ եմ խորհել: Մենք անընդհատ գործի մեջ ենք, վազքի մեջ ենք, ամեն ինչ պետք է հասցնենք, ինչ-որ խնդիրներ պետք է լուծենք, իհարկե, սա իրականությունն  է, որովհետև պետք է գործես, որ կարողանաս ապրել: Սակայն,երևի թե ցանկացած կնոջ համար կանացի սկիզբը շատ ավելի կարևոր է: Հաց թխելը և արարչություն է, և խնամք է: Երևի դրա համար ես ինձ լավ զգացի: Իմ նոր հոբբին ուղղակի ինձ շեղում է ներկայիս իրավիճակից, և սա,թերևս լավագույնն էր, որ ես կարող էի անել, և նույնիսկ մտածում եմ, թե ինչու դա չվերածել բիզնեսի, բայց դրանք դեռ մտքեր են:

 

– Նաիրա, դուք շատ եք ճամփորդել և մինչև տուրօպերատոր դառնալը և արդեն աշխատանքի բերումով: Կա՞ երկիր կամ երկրներ, որ առավել գրավիչ են ձեզ համար:

 

–Ես շատ-շատ սիրում եմ Ֆրանսիան: Ինձ համար Փարիզը օծանելիքի բույրն է, որ այնտեղ քայլելիս անգամ զգում եմ: Շատ սիրել եմ այն շրջանները, որտեղ ապրում են հնաբնակ ֆրանսիացիները, որոնց Փարիզում չես հանդիպի, քանի որ այն շատ խիտ տուրիստական կետ է: Շատ եմ սիրում Ավստրիան, Վիեննան, որն անասելի  էներգետիկա կրող քաղաք է:  Երբ գալիս եմ Վիեննա, ինձ թվում է, որ երաժշտական աշխարհ եմ մտել: Շատ սիրեցի Պորտուգալիան, որն այս տարվա իմ անսպասելի բացահայտումը դարձավ: Այն մյուսներից շատ տարբերվող, հետաքրքիր աշխարհ էր, յուրատեսակ գեղեցիկ: Սակայն, որևէ երկիր չեմ առանձնացնի, որովհետև ամեն մի տեղ ունի իր առանձնահատուկ տրամադրությունը: Կարևորը, որ կարողանաս մտնել այդ երկրի տրամադրության մեջ, նրա վիբրացիաների մեջ ու վայելես: Երբ սովորում ես, թերևս ամենակարևոր բանը, որ պետք է կարողանաս վայելելառօրյա կյանքում ամեն ինչ՝ հաց թխելը, փողոցով անցնելիս ինչ-որ գեղեցիկ բան նկատելը, արևածագը, մայրամուտը: Եթե կարողացար նկատել ու մտնել պահի գեղեցկության մեջ, սկսում ես ամեն ինչ սիրել: Նույնն էլ ինձ մոտ կատարվում է ճանապարհորդելիս: Ամեն մի տեղ գտնում եմ ինչ-որ մի բան, որը սիրում եմ և միշտ պահում իմ մեջ: