Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գուրգեն Մարգարյանի ծնողները փոխհատուցում չեն պահանջել․ նրանց համար կարևոր էր արդարության հասնելը․ փաստաբան (տեսանյութ)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է հայազգի սպա, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության հետ կապված «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը։

Դատավճիռը վերաբերում է 2004թ. փետրվարին 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների ժամանակ Ադրբեջանը ներկայացնող հատուկ պատրաստություն անցած ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնով հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությանը և մեկ այլ հայ սպայի Հայկ Մակուչյանին սպանելու փորձին: Մակուչյանն այս գործով ևս տուժող էր ճանաչվել։

Բուդապեշտի մայրաքաղաքային դատարանում և ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի և Հայկ Մակուչյանի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը վճռի մասով ասաց, որ իրենց ներկայացրած բողոքում նշվել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (Կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածի ((Ազգային) Խտրականության արգելում) խախտման հանգամանքները։ 

«Եվ այս երկու կետերով, այս հոդվածներով դիմումը ներկայացվել էր ՄԻԵԴ ընդդեմ Հունգարիայի և Ադրբեջանի։ Հունգարիայի մասով դատարանը գտել է, որ բավարար ապացույցներ չկան, որ իրենք իմացել են, որ պատիժը չի կրելու ինքը (Սաֆարովը - հեղ) Ադրբեջանում, չնայած դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև բավականին երկար պրոցես է գնացել»,- նշեց նա։ Ադրբեջանի մասով, ըստ փաստաբանի, ՄԻԵԴ-ը բավականին խիստ վճիռ է կայացրել՝ արձանագրելով Կյանքի իրավունքի և Խտրականության արգելման խախտումը։

Վարդանյանի փոխանցմամբ՝ վճռի կատարման փուլն իրականացվում է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի կողմից, և կոմիտեն է որոշում, թե ինչ ձևով պետք է տվյալ վճիռը կատարվի արդյոք պատիժը կկրի Ադրբեջանո՞ւմ, Հունգարիայո՞ւմ, թե՞ մեկ այլ երկրում։ 

Վճիռը Բարձագույն խորհուրդ բողոքարկելու հնարավորություն նույնպես կա։ «Դրա մասին մենք կարող ենք քննարկումներ անել և որոշել, որովհետև կան դրույթներ, որոնց շուրջ պետք է մտածել։ Մասնավորապես Հունգարիայի մասով, իսկ Ադրբեջանի մասով կյանքի իրավունքի խախտումը միայն պրոցեսուալ է ճանաչվել, ոչ թե նյութական։ Եվ այդ մասով էլ էլի մենք անհամաձայնություն ունենք»,- պարզաբանեց փաստաբանը։ 

Վերջինիս խոսքերով՝ բողոքի մեջ նշված է եղել, որ քանի որ Սաֆարովը պետության ծառայող է եղել, պետության կողմից գործուղղված է եղել, հետևաբար պետական պատվեր է կատարել, դա ցույց են տվել նաև հետագա գործընթացները՝ Սաֆարովին արդարացնելը, 8 տարվա աշխատավարձ փոխանցելը։  Տուժողի իրավահաջորդների ու տուժողի պահանջների մեջ նշված է եղել, որ հենց Ադրբեջանն է կյանքի իրավունքը խախտել։  

Վարդանյանն ասաց, որ Գուրգեն Մարգարյանի ծնողները և Հայկ Մակուչյանը փոխհատուցում չեն պահանջել, եթե պահանջած լինեին, վճիռը կատարելն ավելի հեշտ կլիներ, սակայն տուժողների համար կարևոր էր արդարության հասնելը։ 

«Բոլոր դեպքերում Ալիևը խախտեց ոչ միայն դատապարտյալների հանձման միջազգային կոնվենցիան, այլ նաև իր իսկ կողմից ստորագրած հրամանագիրը, որով նախատեսված է ներում շնորհելու կարգը։ Եվ այնտեղ գրված է, որ ցմահ բանտարկյալին կարող են ներում շնորհվել, եթե ինքը 10 տարի կրել է պատիժը, իսկ ինքը (Ռամիլ Սաֆարովը - հեղ) 8 տարի էր կրել պատիժը։ Եվ ներման դեպքում ցմահ բանտարկությունը պետք է փոխեր 25 տարվա ազատազրկման»,- շեշտեց իրավաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում