Բացել լրահոսը Փակել լրահոսը
պրահա
A A
Քաղաքականություն

Չեխիայում ՀՀ դեսպանը՝ Չեխիայի Խորհրդարանի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մասին

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի մեկնաբանությունը Չեխիայի Խորհրդարանի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ․

Սա Թուրքիայի պաշտոնական առաջին և վերջին արձագանքը չէ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Թուրքիան դիմում է արդարության ժխտման հերթական քայլին՝ դրանով խորացնելով անջրպետը իր ու համամարդկային արժեքների միջև։ Ժխտողականությունն ապագա չունի՝ ինչպիսի փաթեթավորում էլ որ այն ունենա: Որքան Թուրքիայի իշխանությունները ջանք են թափում ժխտելու ճշմարտությունը, այնքան ճշմարտությունը հարթում է իր ճանապարհը և դառնում հասարակական գիտելիք:

Պրահայի ամենահայտնի Կարլի կամուջի վրա է տեղակայված 1714թ․-ին քանդակագործ Ֆերդինանդ Մաքսիմիլիան Բրոքովի կերտած արձանը՝ նվիրված սրբացված ասպետներին, որոնք միջնադարում փրկում էին օսմանցիների ձեռքն ընկած քրիստոնյա գերիներին։ Ասպետների քանդակներից ներքև զետեղված է նաև յաթաղանով զինված թուրքի հայտնի քանդակը, որը հսկում է բանտում չարչարվող քրիստոնյաներին։ Այդ քանդակը բազմաթիվ պրահյան զրույցների և պատումների թեմա է դարձել․ ասենք, որ զբոսաշրջիկները պետք է զգուշանան գիշերով այդ քանդակի կողքով անցնելիս, կամ երեխաներին ծնողները վախեցնում էին, որ եթե չքնեն, թուրքը կգա, իրենց կտանի։ Ցավում եմ, որ 300 տարվա ընթացքում շատ բան չի փոխվել, և մինչև այսօր Թուրքիան սպառնալիքների լեզվով է խոսում։