Բացել լրահոսը Փակել լրահոսը
AV
A A
Հասարակություն

Վարչապետին փոխելու մասին և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայություն էր այցելել «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Մինչև շենք մտնելը, Վանեցյանն ի պատասխան լրագրողի հարցին, հաստատեց, որ 2019 թվականի փետրվարին Հռոմում հանդիպել է Սուրբ Աթոռում (Վատիկան) նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ։ «Ես գործել եմ բացառապես իմ պաշտոնեական լիազորությունների շրջանակում»,- նշել էր նա։

ՀՔԾ-ից դուրս գալուց հետո հասարակական գործիչը պատասխանեց լրագրողների հարցերին, այդ թվում՝ անդրադարձավ Մինասյանի հայտարարություններին, կապված հանդիպման բովանդակության հետ։ 

«Այդ հայտարարության հետ կապված, դուք գիտեք, որ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Եվ այդ գործի շրջանակներում իրականացվում է նախաքննություն։ Եվ ելնելով այդ հանգամանքից, և նախաքննության գաղտնիքը չբացահայտելու և չխախտելու նպատակով՝ ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ այս գործի հետ կապված»,- ընդգծեց Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը, խոսելով նախկինում իր արած հայտարարության մասին, թե Մինասյանը պետք է օրենքի առջև դեռ շատ բաների համար պատասխան տա, նշեց, որ եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Մինասյանի կամ առհասարակ ցանկացած այլ անձի մեղավորությունը, և դատարանը կճանաչի նրան մեղավոր, ուրեմն տվյալ մարդը մեղավոր է։ 

Լրագրողի հարցին՝ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հանգամանքներ կա՞ն, որ ենթադրություն են տալիս, թե Մինասյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, պատասխանեց․

«Ես բազմիցս ասել եմ, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները ես երբեք չեմ հրապարակելու»։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ Մինասյանի և իր ցանկությունները համընկան վարչապետի՝ կառավարության փոփոխության հարցում, պատասխանեց, որ վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել է ինքը, դեռևս հունվար ամսին։

«Եվ հիմա, երբ որ արդեն բոլորն են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել։ Իսկ վարչապետին փոխելու մասին և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»,- եզրափակեց Վանեցյանը և նստելով մեքենան հեռացավ։ 

 

Հիշեցնենք, որ Վանեցյանի և Մինասյանի միջև հանդիպման մասին առաջինը հայտարարել էր հենց Վանեցյանը տպագիր թերթերի գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ  այս տարվա փետրվարի 5-ին։ Հանդիպման տեսագրությունը լրատվամիջոցներում  հրապարակվել էր հանդիպման հաջորդ օրը։ Վանեցյանը նշել էր, որ նախկին դեսպանի հետ հանդիպել է Փաշինյանի իմացությամբ։    

Հանդիպման մանրամասների մասին արդեն խոսել էր Միքայել Մինասյանն այս տարվա մայիսի 2-ին իր «Ստի վերջը» տեսաշարի առաջին մասում։ Ըստ դեսպանի՝ Վանեցյանի միջոցով Փաշինյանն իրեն առաջարկել էր սիմվոլիկ գումար վճարել, Հայաստան չգալ, դառնալ ապաքաղաքական մարդ, սակայն Մինասյանը մերժել էր։

Մայիսի 16-ին իր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինասյանի հայտարարության վերաբերյալ ասել էր, որ դրանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) մայիսի 13-ին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին)։

Տեսանյութերը՝ «Ազատության» և «Ֆակտորի»