Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վանեցյանը մտնում է ակտիվ քաղաքականություն. նա ասել է այս մասին խմբագիրներին․ aravot.am (տեսանյութ)

Արթուր Վանեցյանի հանդիպումը գլխավոր խմբագիրների հետ.05.02.2020

aravot.am

«Այսօր ես հայտարարելու եմ իմ՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին և փորձելու եմ ինձ ներկայացնել արդեն քաղաքական դաշտում»,- տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ փակ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա հայտնեց, որ առաջիկայում կստեղծեն, կգրանցեն կուսակցություն, արդեն իրականացնում են քաղաքական խորհրդատվություններ: Արթուր Վանեցյանն ասաց, որ չի կարող անուններ տալ, թե ովքեր են իրենց կուսակցության անդամները լինելու ու փոխանցեց, որ ուղղությամբ կենտրոնամետ աջ են լինելու:

Հարցին՝ Ձեր մուտքը պահանջարկվա՞ծ է այսօր քաղաքական դաշտում, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Այսօր անհրաժեշտություն կա, որպեսզի ձևավորվի մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել հասարակության այն լայն զանգվածը, որը դժգոհ է, չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, և նրանց հույսերը չեն արդարացվել: Նրանք մարդիկ են, որոնք չեն ուզում վերադարձ անցյալին: Հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելը կեղծ օրակարգ է, որը բերվել է քաղաքական դաշտ, որ գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են: Վերադարձ անցյալին երբեք չի լինելու, ես այն մարդն եմ, որ պայքարելու եմ դրա դեմ: Նման բան չկա, մենք բոլորս հայ ենք, բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք»:

Արթուր Վանեցյանը նաև հայտնեց, որ ստեղծել են «Հայրենիք» զարգացման հիմնադրամը, քանի որ կարևորում է քաղհասարակության դերը: Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո ՀԿ դաշտը մնաց դատարկ:

Արթուր Վանեցյանը մտահոգություն հայտնեց, որ ՀԿ-ները հիմնականում դրսից են ֆինանսավորվում: Իսկ իրենց գումարներ են հատկացնելու սփյուռքի հայրենակիցները՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Եվրոպայից: Նա նաև շեշտեց, որ հիմնադրամը բարեգործական չէ, բայց հիմնադրամի տարածքում լինելու է մեդիա հաբ, որտեղ անվճար կարող են մամուլի ասուլիսներ կազմակերպվել, կլինեն աշխատասենյակներ: «Առավոտի» հարցին՝ բայց սփյուռքից ներդրումները դա չեղա՞վ, որ դրսից է ֆինանսավորվում իրենց հիմնադրամը ևս, Արթուր Վանեցյանն արձագանքեց.

«Խոսքը նաև ԱՄՆ-ում բնակվող, Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցների մասին է, ինչպես նաև ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների մասին: Ֆինանսավորումը ոչ թե դրսից է, այլ ֆինանսավորողները ազգությամբ հայեր են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/02/06/1092589/