«Միկան» նոր ավագ կընտրի
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի 2009 թ փոխչեմպիոն Աշտարակի «Միկան» նոր մրցաշրջանում նոր ավագ կունենա, քանի որ թիմի նախկին ավագ Հրաչյա Միքայելյանը ելույթները կշարունակի Դիլիջանի «Իմպուլսում»:
Ինչպես տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, թիմի նոր ավագը կորոշվի առաջիկայում նախատեսված ժողովի ժամանակ: Թեկնածուները երկուսն են` պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը եւ կիսապաշտպան Արմեն Պետրոսյանը:
«Միկան» Իսպանիայից վերադառնալուց հետո հրաժարվել է վրացի դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլիի ծառայություններից: Ընդհանրապես, անցած տարվա համեմատ, «Միկայից» հեռացել են 8 խաղացողներ, այդ թվում փորձառու հարձակվողներ Արա Հակոբյանը եւ Արամ Ոսկանյանը: Թիմ հրավիրվել են 4 նոր խաղացողներ, որոնցից երեքը արտերկրներից են: Ակումբը 2010 թ Հայաստանի առաջնությանը եւ գավաթի խաղարկությանը հայտավորել է 22 ֆուտբոլիստ:
Ներկայումս «Միկան» օրական անցկացնում է մեկական մարզում, իսկ հետո մարզիչները նախատեսում են ավելացնել պարապմունքների քանակը: Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում հանրապետության փոխչեմպիոնի մրցակիցն է Երեւանի «Կիլիկիան»: