Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրացուցիչ մրցամարտեր

Սպորտ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Խորվաթիայի Ռիեկա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Սակայն այսօր տեղի կունենան լրացուցիչ մրցամարտեր, որոնք կանվանեն 2010 թ աշխարհի գավաթի մասնակիցներին:

Շախմատիստները կխաղարկեն 22 ուղեգիր: Դրանցից 10-ն արդեն գտել են իրենց տերերին, իսկ ահա մնացած 12-ի համար պայքար կմղեն այն 28 շախմատիստները, որոնք առաջնությունում վաստակել են 7,5-ական միավոր: Նրանց թվում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը Սլովակիա:

Մինի մրցաշարը կանցկացվի երկու փուլով: Յուրաքանչյուր փուլին մասնակիցները կանցկացնեն արագ շախմատի երկուական պարտիաներ: Եթե հաղթողը չորոշվի, ապա արդեն կանցկացվեն կայծակնային շախմատի մրցամարտեր, իսկ հավասարության դեպքում ուժի մեջ կմտնի «Արմագեդոնը»: Ոչ-ոքիի դեպքում հաղթող կճանաչվի սեւերով խաղացող շախմատիստը:

Շախմատիստուհիները կխաղարկեն 14 ուղեգիր, որից 7-ի տերերն արդեն հայտնի են: Մնացածի համար կպայքարեն 10 շախմատիստուհիներ: Ավաղ, վերջիններիս մեջ բացակայում են Հայաստանի ներկայացուցիչները: