Առանց մեդալի
Աջակցիր «Ա1+»-ինԽորվաթիայի Ռիեկա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Ցավոք, մրցանակային տեղերին հավակնող մեր միակ շախմատիստը` գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, վերջին տուրում պարտվեց մրցաշարի առաջատար Յան Նեպոմնյաշչուն: Վերջինս էլ 9 միավորով հռչակվեց Եվրոպայի 2010 թ չեմպիոն:
Մեր շախմատիստ Արման Փաշիկյանը հաղթելով իր մրցակցին, վաստակեց 8 միավոր եւ զբաղեցրեց պատվավոր 10-րդ տեղը: Նա իրավունք նվաճեց մասնակցելու 2010 թ աշխարհի գավաթի խաղարկությանը: Իսկ ահա մյուս ուղեգրերի տերերը կորոշվեն լրացուցիչ գործակիցներով: Հավակնորդների մեջ են նաեւ նույն Վլադիմիր Հակոբյանը, ինչպես նաեւ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք հաղթանակ տարան այս տուրում եւ նույնպես վաստակեցին 7,5-ական միավոր:
Կանանց մրցաշարի վերջին տուրում մեր շախմատիստուհիներից լավագույն արդյունք ունեցող Լիլիթ Գալոյանը (6,5 միավոր) երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ էլ ավելի նահանջեց մրցաշարային աղյուսակում: Նույնքան միավոր վաստակեց նաեւ Էլինա Դանիելյանը, որն այս տուրում հաղթեց իր մրցակցին: 6 միավոր ունեցող Լիլիթ Մկրտչյանը, ավաղ, անհաջողության մատնվեց եւ տեղ զբաղեցրեց ընդամենը 6-րդ տասնյակում:
Կանանցից Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը նվաճեց շվեդացի գրոսմայստեր Պիա Կրամլինգը, որը վերջին պարտիայում հաղթեց հենց մրցաշարի առաջատար Վիկտորյա Ցմիլիտեին (Լիտվա): Նա վաստակեց 9 միավոր: