Իռլանդացիները վախեցան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, որը Մոսկվայում մասնակցեց Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական «B» խմբի խաղացանկը կազմելու գործընթացին, «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց, որ հնարավոր չէր համաձայնել իրենց առաջարկած տարբերակի հետ:
«Իռլանդիայի եւ Սլովակիայի ներկայացուցիչները, որոնք նախապես համաձայնության էին եկել եւ մեկ տարբերակով էին ներկայացել հանդիպմանը, ամեն ինչ անում էին խաղացանկն իրենց հարմարեցնելու համար: Զարմանալի չէ, որ մեր առաջարկած տարբերակից միայն երկու խաղերն էին համընկնում նրանցի հետ: Տարօրինակն այն էր, որ Ռուսաստանը չեզոք դիրք էր գրավել եւ համարյա չէր պաշտպանում իր շահերը: Մենք ստիպված էինք դադարեցնել բանակցությունները, քանի որ մեր առաջարկություններից ոչ մեկը չընդունվեց իռլանդացիների եւ սլովակների կողմից»:
Ինչպես ասաց Աշոտ Մանուկյանը, խմբի ֆավորիտներից ոչ մեկը, հատկապես իռլանդացիները, չէին ցանկանում այս տարվա սեպտեմբերին խաղալ Երեւանում: «Բոլորն էլ լավ պատկերացնում էին, որ Հայաստանի հավաքականն այդ ժամանակահատվածում լավ մարզավիճակում է լինում, ուստի շատ մեծ էր մեր հետ խաղում միավոր կորցնելու հավանականությունը»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական «B» խմբի խաղացանկը կկազմի ՈՒԵՖԱ-ն, վիճակահանության օգնությամբ: