Էլ չեն ուզում կարտոֆիլ մշակել
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի Հացիկ գյուղի բնակիչներն այս տարի հրաժարվում են կարտոֆիլ մշակել. գնորդ չկա:
Իրացման խնդիրները կարտոֆիլի արտադրությամբ հայտնի այս գյուղում տարեց տարի մեծանում են: Եթե 2-3 տարի առաջ գյուղացիները սերմնացու ձեռք բերելու համար շատ էին շահագրգռված, ապա այժմ այն պահեստներում տոննաներով ամբարված է եւ նույնիսկ 20-30 դրամով չի վաճառվում: Արդյունքում սերմնացուն անպիտան է դարձել եւ ամենայն հավանականությամբ կծառայի իբրեւ անասնակեր:
Ի տարբերություն սերմնացուի, պարենային կարտոֆիլը գյուղացին դեռ կարողանում է էժան գներով իրացնել: Գյուղացիները հուսահատվել են, եւ վստահեցնում են, որ կարտոֆիլ ցանելով ավելի շատ են տուժում:
«Եթե ստացված բերքով չեմ կարողանալու հոգալ ամենաչնչին հոգսերս, ապա տրամաբանություն չեմ տեսնում սերմնացուն հողին հանձնել»,- նշեց գյուղացիներից մեկն: Սա հանգեցրել է նրան, որ գյուղի մեծ մասն այս պահին անգործ է: Իրենց ծայրահեղ վատ վիճակն էլ ավելի պատկերավոր նկարագրեց մեկ այլ գյուղացի. «Մի գառ առնելու համար 2 տոննա կարտոֆիլ պետք է վաճառես»:
Շատ գյուղացիներ հողագործությամբ չզբաղվելու իրենց որոշումը պատճառաբանում են նաեւ նրանով, որ պարարտանյութերի գներն են բարձրացել` մի պարկն արժե 6800 դրամ:
Այս իրավիճակը շատերին նույնիսկ սնանկացման եզրին է հասցրել: Բանն այն է, որ կան գյուղացիներ, որոնք չեն կարողանում մուծել բանկերից վերցրած վարկերը: Եթե նրանք վարկերը չմուծեն, ապա հարցը կամ դատական ճանապարհով կլուծվի, կամ նրանցից հողն ուղղակի կվերցնեն:
Նրանք խնդրի մասին տեղյակ պահել են նաեւ Շիրակի մարզային իշխանություններին, սակայն 2 տարի է` ոչ մի աջակցություն չկա: Հացիկի գյուղացիներն արդեն պատրաստվում են դիմել Ազգային ժողովի պատգամավորներին: