Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակոբյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության տղամարդկանց մրցաշարի 10-րդ տուրում մեր գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Բոսնիան ներկայացնող ռուս շախմատիստ Իվան Սոկոլովի հետ, եւ 7,5 միավորով շարունակում է հավակնել չեմպիոնի կոչմանը: Նա ընդամենը կես միավորով է զիջում մրցաշարի միանձնյա առաջատար Յան Նեպոմնյաշչուն: Ի դեպ, այսօր տեղի ունեցող վերջին` 11-րդ տուրում, Վլադիմիր Հակոբյանը կհանդիպի հենց ռուսաստանցի գրոսմայստերի հետ:

Այս տուրում Արման Փաշիկյանը հաղթեց ադրբեջանցի Էլթայ Սաֆարլիին եւ այժմ 7 միավորով զբաղեցնում է 29-րդ տեղը: Այս հաղթանակը մեր շախմատիստին հնարավորություն տվեց պայքարելու 2010 թ աշխարհի գավաթի ուղեգիր տվող 1-22-րդ տեղերի համար: Դրա համար հարկավոր է միմիայն հաղթանակ տանել վերջին տուրում, քանի որ Արմանը լրացուցիչ գործակիցներով զիջում է իր գլխավոր մրցակիցներին:

Իսկ ահա 6-ական միավոր ունեցող Հրանտ Մելքումյանն ու Տիգրան Պետրոսյանը պարտվեցին եւ դուրս մնացին ուղեգրերի համար պայքարից: Տեսականորեն հնարավորություններ ունեն նաեւ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վաստակել են 6,5-ական միավոր, սակայն գործնականում շատ դժվար կլինի միանգամից բարձրանալ 20 տեղով:

Կանանց մրցաշարում մեր շախմատիստուհիներից լավագույն արդյունք ունեցող Լիլիթ Գալոյանը 10-րդ տուրում անսպասելի պարտվեց եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից: Նա այժմ 6,5 միավորով ընթանում է 18-րդ տեղում: Լիլիթ Մկրտչյանը հաղթեց վրացի Մերի Արաբիձեին եւ վաստակելով 6 միավոր, բարձրացավ 40-րդ տեղ: