Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչպե՞ս են աշխատելու հանրային տրանսպորտն ու մանկապարտեզները (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, ի թիվս այլ հարցերի, խոսեց նաև կորոնավիրուսի պատճառով հյուրանոցներում մեկուսացած անձանց օգտագործած պարագաների առանձնացման մասին։
«Ամենօրյա աղբը հավաքվում է այդ հյուրանոցներում և հատուկ ավտոմեքենայով տեղափոխվում է մեր աղբավայր։ Եվ այնուհետև այն ամբողջությամբ ոչնչացվում է», - նշեց փոխքաղաքապետը։

Սարգսյանը կոչ արեց քաղաքացիներին օգտագործած բոլոր ձեռնոցները, դիմակներն առանձին պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթել, որից հետո նոր նետել աղբի մեջ։
Անդրադառնալով հանրային տրանսպորտի աշխատանքին՝ Երևանի փոխքաղաքապետն ասաց, որ 150 միավոր շարժակազմ է դուրս բերվել, ինչպես նաև մասնավոր ուղևորափոխադրողներն են շարժակազմ դուրս բերել։ Նրա խոսքերով՝ քանի որ այս ժամանակահատվածում դպրոցները, ուսումնական հաստատությունները փակված են լինում, սովորաբար ուղևոարհոսքը 30 տոկոսով նվազում է, իսկ այս ընթացքում ուղևոարհոսքի վիճակը հասկանալու հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն։
Արտակարգ դրության պայմաններում մանկապարտեզների աշխատանքին անդրադառնալով՝ քաղաքապետի մյուս տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ առաջնահերթություն է տրվում այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը, որոնց ծնողներն աշխատում են, աշխատում է միայն մայրը, սոցիալապես անապահով ընտանիքից են։ «Երևանի 161 մանկապարտեզի կողմից 31 հազար ծնողի նախնական հարցում էր արվել, և նրանցից մոտ 11 հազարն այս կարգավիճակում է և ցանկություն է հայտնել երեխային բերել մանկապարտեզ», - շարունակեց նա։

Վիրաբյանը թվեց մանկապարտեզում նախատեսված անվտանգության կանոնները. մանկապարտեզի բակային տարածքի նշագրում՝ սոցիալական հեռավորության պահպանման համար, ծնողների մուտքը մանկապարտեզ բացառվելու է. երեխաներին դիմավորելու են մանկապարտեզի աշխատակիցները, հեռավար ջերմաչափում է արվելու մտնելիս, նաև օրվա ընթացքում։
«Խմբերում այս պարագայում լինելու է 8-10 հոգի, այսինքն՝ մենք կարողանալու են անվտանգության բոլոր կանոնները պահպանել։ Մանկապարտեզում հրաժարվելու ենք այն խաղատեսակներից և խաղալիքներից, որոնց վրա վարակը կարող է երկար մնալ»,- ընդգծեց նա։
Երևանի քաղաքապետարանը, ըստ Վիրաբյանի, ձեռք է բերել հարյուր 61 ջերմաչափման սարք։
Մանրամասները՝ տեսանյութում