Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գայ գյուղի խաղողը կերել են միջատները

Մարզեր

Էջմիածնի Գայ գյուղի տարածքում ֆիլոքսերա կոչվող միջատը արդեն մի քանի ամիս է վնասում է մոտ 4-5 հեկտար խաղողի այգի: Մասնագետները վիճակը, թեև կրիտիկական չեն համարում, սակայն կարծում են, որ չպայքարելու դեպքում 3-4 տարվա ընթացքում միջատը կվերացնի խաղողի վազը:

«Այս միջատը ժանտախտի պես է եւ կարող է շատ արագ տարածվել: Հույս ունեինք, որ այն կվերանա ձմռանը, սակայն սխալվեցինք»,-«Ա1+»-ին ասաց Երեւանի Կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը: Ահազանգել, սակայն, գործարանի տնօրինությունը դեռ չի պատրաստվում, քանի որ սպասում է խաղողի վազերի բացվելուն:

Ըստ մասնագետների, ֆիլոքսերայի դեմ պայքարի միջոց չկա, պարզապես պետք է ազատվել հին այգիներից եւ դրանք փոխարինել նորով: Գործարանի արտադրության ֆրանսիացի տնօրեն Ֆիլիպ Թիբոն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ միակ միջոցը նոր խաղողի վազերը հատուկ արմատակալներով տնկելն է: :

«Դրա համար առաջին հերթին պետք է պաշտոնապես սահմանել հարցի լուծման մեթոդներն ու ուղղությունները, իսկ պետության կողմից իրականացվեն քայլեր»,-ասաց նա: Գյուղնախարարությունում հաստատեցին, որ տեղյակ են հիվանդության մասին: «Ֆիլոքսերա հայտնաբերվել է միայն Գայ գյուղի 3 հա այգիներում եւ գյուղի շրջակայքում տարածված չէ: Եթե կլինի զարգացում` կխոսենք եւ կզեկուցենք կառավարությանը»,- «Ա1+»-ին ասաց գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը: