Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի թանկացումը շղթայական կլինի

Մարզեր

Գյումրիում 200-ից ավելի քաղաքացի է արդեն միացել գազի սակագնի թանկացման դեմ ՀԱԿ-ի նախաձեռնած հայցին:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսն համապատասխան հայցով ապրիլի 7-ին կդիմի ՀՀ Տնտեսական դատարան` բողոքարկելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ընդունած որոշումը: Ըստ այդ որոշման` գազի սակագինը սովորական քաղաքացիների համար ապրիլի 1-ից 96 դրամից կդռանա 132 դրամ:

ՀԱԿ տարածքային գրասենյակներում արդեն մի քանի օր է` մարդիկ գալիս ու ստորագրում են այս հայցի տակ` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով գազի սակագնի թանկացման դեմ: Մարդիկ վստահ էին, որ գազի գնի բարձրացումը կհանգեցնի շղթայական թանկացումների:

Թոշակառուների վստահեցմամբ` այս թանկացումներն հիմնականում ծանր հետեւանքներ կունենան իրենց վրա: Ինչպես նրանցից մեկը նշեց` իր 21 հազար դրամ թոշակին պետք է եւս այդքան ավելացնի, որպեսզի կարողանա կոմունալ ծախսերը մուծել: Մեկ այլ թոշակառու առաջարկում է թանկացումներին զուգահեռ բարձրացնել գոնե իրենց թոշակները: Քաղաքացիներից մեկը նույնիսկ պատրաստ էր ընդհանրապես անջատել իր գազամատակարարումը, քանի որ ի վիճակի չի լինելու վճարել 1 խմ գազի համար 132 դրամ:

Եղան նաեւ նման կարծիքներ. «Քանի դեռ օլիգարխներն ու իշխանությունները համատեղ են աշխատում, ամեն ինչն էլ թանկանալու է»: «Շղթայական թանկացումը ճգնաժամի 2-րդ ալիքը առաջ կբերի: Դրա համար բոլորը պետք է միասնական պայքարեն գազի սակագնի բարձրացման դեմ»: