Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Հասարակություն

Հեռահարը գուցե ակտուալ է, բայց կենդանի ցուցադրության դիտումը բոլորովին այլ միջավայր է ստեղծում թանգարանում. Արմինե Սարգսյան  

Հեռահար աշխատանքը նույնպես աշխատանք է, կարևոր աշխատանք է, սակայն առանց այցելուի թանգարանը չի կարող թանգարան լինել: Թանգարանը պահում-պահպանում է մեր նախկին և ներկա սերունդների ժառանգությունը, որը պետք է հանձնի ապագա սերունդներին, բայց թանգարանի կարևոր առաքելություններից է նաև այցելուներ ընդունելը: Որքան էլ որ վիրտուալ դիտումներ ենք ունենում, միևնույն է կենդանի այցելությունն ու կենդանի ցուցադրության դիտումը բոլորովին այլ միջավայր է ստեղծում, որովհետև ցուցադրվող առարկան ինքը հատուկ էներգետիկա է պարունակում, որը  փոխանցվում է դիտողին: Հուսով եմ, որ այս վիճակը կլինի ժամանակավոր և մենք նորից կանցնենք մեր օֆլայն աշխատանքին:

 

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է և այս առիթով «Ա1+»-ը հեռախոսազրույց է ունեցել Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի հետ:

– Տիկին Սարգսյան արտակարգ դրության պայմաններում Երևանի պատմության թանգարանը, ինչպես և Հայաստանի բոլոր թանգարանները շատ արագ անցան հեռավար աշխատանքի: Ի՞նչ ծրագրեր է իրականացնում թանգարանը:

– Իհարկե, COVID 19-ը բոլորիս կյանքում մեծ փոփոխություններ առաջացրեց և՛ գործունեության, և՛ անձնական կյանքում: Սակայն կյանքը կանգ չի առել, շարունակում ենք ինչ-որ ձևով և հարմարվել, և շրջանցել այս դժվարին իրավիճակը: Ֆեյսբուքյան մեր էջում պարբերաբար ներկայացնում ենք արխիվներից որևէ հետաքրքիր ցուցանմուշի, պատմական շենքի, եկեղեցու, թաղամասի, փողոցի լուսանկարն ու պատմությունը, կամ Երևանի պատմության հետ առնչվող հետաքրքիր որևէ դրվագ: Վերջերս օնլայն խաղ-վիկտորինա էինք կազմակերպել «Ճանաչի՛ր Երևանը»  խորագրով: Ասեմ, որ բավական ակտիվ մասնակցություն  գրանցեցինք:

– Շա՞տ են դիտումները:

– Ըստ մեր կայքի տվյալների, դիտումների քանակն անցնում է 100 հազարը, համենայն դեպս վերջին ամսվա տվյալներով այդպես էր: Հետաքրքիր է, որ կայքում ամենից շատ կարդում են մեր գիտական հոդվածները, ընդ որում դրանք մենք թարգմանել ենք նաև անգլերեն ու ռուսերեն լեզուներով: Մեր աշխատակիցները նաև այս պահին էլ շարունակում են թարգմանել թանգարանի հրատարակած գիտական ժողովածուների հոդվածները, որոնք հերթով կներկայացվեն կայքում: Մեծ է հետաքրքրությունը նաև հին Երևանի լուսանկարների հանդեպ:

– Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է:  Ի՞նչ եք ծրագրել:

– Այս տարի աշխարհի թանգարանները Թանգարանների միջազգային օրը կնշեն արտակարգ պայմաններում: «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» միջազգային խորագրի ներքո թանգարաններն իրենց ծրագրերն այս տարի կներկայացնեն առցանց հարթակում, իսկ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կանցկացվի նոյեմբերին:

Մենք երկու ծրագիր պետք է իրականացնենք: Մեկը՝ կենդանի նկար անիմացիոն ծրագրի ներկայացումն է: Ցուցադրված է լինելու Խորհրդային շրջանի գեղանկարիչ Վանո Խորենյանի «Երևանի շինարարները» կտավի բնօրինակը, իսկ  կողքին դատարկ շրջանակ, նույն չափի, որտեղ այցելուի աչքի առաջ կտավը կսկսի «կենդանանալ»՝ կշարժվեն վերամբարձ կռունկները, կերթևեկեն ավտոմեքենաներն ու կաշխատեն  շինարարները: Շատ հետաքրքիր անիմացիոն ծրագիր է, որը, կարծում եմ,  թանգարանային ցուցադրության մեջ բազմազանություն ստեղծող, ոչ դասական ցուցադրություն է: Այսինքն, ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հնարավորություն է ստեղծվում, որ այցելուին թանգարանը ներկայանա նաև այլ ֆորմատով: Սա թանգարանային օրվա ծրագրի մի մասն է:

Իսկ երկրորդը՝ լուսանկարչական ցուցահանդես է՝ «Մարդը և քաղաքը» խորագրով: Լուսանկարների հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Ժան Մարկ Կարաչին է: Նա լուսանկարչությամբ սկսել է զբաղվել տասնհինգ տարեկանից և նախապատվությունը տալիս է սև ու  սպիտակ ժապավենին: Լուսանկարների առանցքում մարդն է, մարդը՝ քաղաքում:  Ինչպես է մարդն ապրում միլիոնանոց քաղաքում: Կարաչին եղել է աշխարհի 40-ից ավել երկրներում և լուսանկարել է եվրոպական շատ երկրների մայրաքաղաքներ:

2019-ին նա այցելել է Երևան, ու իր «Մարդը և քաղաք» շարքում ընդգրկել նաև մեր մայրաքաղաքը: Թանգարանների միջազգային օրվա առթիվ այս կորոնավիրուսային պայմաններում, կարծում եմ, սա հետաքրքիր և սիմվոլիկ ցուցադրություն կլինի: Լուսանկարները տրամադրել է հեղինակը: Մայիսի 18-ին, ժամը 15-ին աշխատակիցները թանգարանի տարբեր հատվածներում, այլ ոչ թե մեկտեղ հավաքված, յուրաքանչյուրը դիմակով և ձեռնոցով, կներկայացնեն մեկ մայրաքաղաքի լուսանկար: Իհարկե, եթե ցուցադրությունը ստիպված չլինեինք հեռահար կազմակերպել, ավելի հետաքրքիր ձևով էինք որոշել ներկայացնել: Ինչևէ, թանգարանների գիշերը տեղափոխվել է նոյեմբեր ամիս և վստահ եմ, որ այդ ժամանակ մենք կկարողանանք ներկայացնել իրական տարբերակով:

– Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք հեռանկարում:

– Բացի հեռավար աշխատանքը, պահպանելով անվտանգության կանոնները, շաբաթը մեկ-երկու անգամ ես և մեր աշխատակիցները գալիս ենք թանգարան, կատարում ենք տվյալ պահին անհրաժեշտ աշխատանքները, նաև հետևում շենքի ընդհանուր վիճակին: Մենք շարունակում ենք մեր ֆոնդերում պահվող լուսանկարների թվայնացնումն ու պարբերաբար ներկայացնում ենք 19-րդ դարի Երևանը, Խորհրդային շրջանի, ինչպես նաև ներկայի պատմությունը:  Շատ կարևոր աշխատանք է արվում թվային շտեմարանը հարստացնելու ուղղությամբ: Ամեն տարվա համար մենք ծրագրել ենք մոտ հազարից ավել առարկա ներկայացնել: Հոկտեմբերին Երևանի հիմնադրման տոնակատարության համար պատրաստում ենք հետաքրքիր ցուցադրություն՝ «Հայաստանի մայրաքաղաքների ժառանգությունը» խորագրով: Մեր տասներկու  մայրաքաղաքների ժառանգությունը կփորձենք ներկայացնել հնագիտական, ազգագրական նյութերով: Ծրագիրը իրականացնում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ:

Հուսով եմ թանգարանը մոտ ապագայում կբացի դռներն այցելուների համար: Ասեմ, որ անցյալ տարվա դեկտեմբերից, մինչև այս տարվա մարտի 13-ը, ինչքան որ մենք հնարավորություն ունեցանք աշխատելու, ունեցել ենք բավականին այցելուներ, որոնց մեջ մեծ էր, ի դեպ, Ռուսաստանի Դաշնությունից եկած զբոսաշրջիկների քանակը: Զարմանալի փաստ է նաև, որ Ինդոնեզիայից, Ֆիլիպիններից ու Չինաստանից են շատ այցելուներ եղել: Սովորաբար հունվար-փետրվար ամիսները ամենապասիվ ամիսներն են թանգարանների այցելությունների համար: Սակայն այդ ժամանակահատվածում  մոտ 1700 այցելու ենք ունեցել, որը բավականին մեծ թիվ է այդ ամիսների համար: Մարտին մենք շատ հետաքրքիր կրթական ծրագիր էինք իրականացնելու դպրոցականների համար՝ վերականգնել թանգարանային առարկան: Պիլոտային տարբերակը հետաքրքիր անցավ, բայց ծրագիրը, ցավոք, ընդհատվեց կորոնավիրուսի պատճառով: Ինչևէ, այդ կրթական ծրագիրը շարունակվելու է, և հուսով եմ, որ սեպտեմբերից դպրոցներն ակտիվ կմասնակցեն:

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է, և ես ցանկանում եմ շնորհավորել թանգարանների աշխատակիցներին, ովքեր նվիրված աշխատում են, իրանացնում են իրենց առաքելությունը սերունդների առջև: Ցանկանում եմ մաղթել քաջ առողջություն, թող որ այս ճգնաժամային իրավիճակը հնարավորինս արագ հեռանա և վերադառնանք մեր ամենօրյա աշխատանքին: