Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուրս գալու պահը դեռ չի հասունացել

Հարցազրույց

Զրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

-Սերժ Սարգսյանը ֆրանսիական «Ֆիգարո»-ին տված հարցազրույցում ասել է, որ թուրքական կողմի հայտարարություններն իրեն հիմք են տալիս մտածելու, որ արձանագրությունները Թուրքիան չի շտապում վավերացնել ողջամիտ ժամկետներում: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հայկական կողմը պատրաստվում է գործընթացը սառեցնել եւ դուրս գալ բանակցություններից:

-Դուրս գալու համար այսօր քաղաքական պայմանը դեռեւս բավարար չէ: Այսօր նոր-նոր կարծես թե կրքերը Թուրքիայում գնալով լրջանում են, հանգստանում են, ցայտնոտի մեջ էին կապված ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման հետ, եւ կարծում եմ, որ մենք չենք կարող այդքան երկա~ր ժամանակ սպասել, որպեսզի Թուրքիան իր խաղի կանոններով փորձի անընդհատ նոր խնդիրներ առաջացնել: Բացի դրանից, հենց նախագահի ուղերձում, մինչեւ փաստաթղթի ստորագրումը, հստակ գրված էր, որ հայկական կողմը, եթե որեւէ խոչընդոտներ, արգելքներ լինեն արձանագրությունների վավերացման կապակցությամբ, միջազգային նորմերին համապատասխան իր քայլերը կանի: Կարծում եմ, բանակցություններից դուրս գալը այդպիսի քայլերից մեկը կլինի:

-Թուրք պատգամավորը հայտարարեց, որ մինչեւ ապրիլի 24-ը չենք վավերացնելու արձանագրությունները: Ի՞նչ է պատրաստվում անել հայկական կողմը:

-Ես չեմ կարծում, որ նիշ ենք ընդունել` մինչեւ ապրիլի 24-ը արձանագրությունները վավերացնել: Առավել եւս, եթե նիշի հարց լինի, ընդունված ժամկետն արդեն անցել է: Պարզապես մենք պետք է կարողանանք ուշի-ուշով հետեւել եւ միջազգային հանրության արձագանքներին, եւ Թուրքիայում տեղի ունեցող իրողություններին: Բերեք չկապենք դա ապրիլի 24-ի հետ:

-Ողջամիտ ժամկետը ո՞րն է, ըստ ձեզ:

-Ողջամիտ ժամկետն արդեն անցել է: Հիմա անհրաժեշտ է ճիշտ ժամանակին քաղաքական ճիշտ վերլուծությունների հետեւանքով քայլեր կատարել: Այսօր դեռեւս այդ պահը չէ քաղաքական տեսակետից:

-Էլ ի՞նչ պետք է լինի, որ պահը հասունանա:

-Դեռեւս ողջ աշխարհը վերջին իրադարձությունները վերլուծում է, առավել եւս գնալով ավելի բացահայտ քննարկումներ են տեղի ունենում միջազգային ասպարեզում, այնպես չէ, որ մենք հենց այսօր արձանագրությունները հետ կանչեցինք ու դրանով շահեկան վիճակ ստեղծեցինք: Հիմա պետք է շատ զուսպ լինենք եւ ճիշտ ժամանակին այն բոլոր քայլերը, որոնք կապված կլինեն մեր հետագա գործունեության հետ, անելու համար պիտի մի փոքր սպասենք, մինչեւ լրիվ կերպով միջազգային հանրության կողմից մարսվի այս իրողությունը: Առավել եւս, որ արդեն Օբամայի հրավերն է եղել Սերժ Սարգսյանին, այսինքն, դեռ քայլեր կան, որտեղ հնարավոր ենք համարում, որ շահեկան վիճակներ կստեղծվեն:

-Իսկ ձեր կարծիքով ինչո՞ւ է հրավիրել Օբաման հենց այս պահին Սերժ Սարգսյանին ԱՄՆ: Որն է հրավերի նպատակը:

-Միայն այն, որ առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահի մակարդակով հրավեր է կատարվել, սա խոսում է այն ճիշտ քաղաքական դիրքորոշումների մասին, որ ունեցել է մեր երկիրը, հանձինս նախագահի: Փորձում են ենթադրություններ անել, թե իբր դրա հետեւանքները ինչ պետք է լինեն... մենք այդ կարծիքին չենք: Դա բավականաչափ ավելի մեր դիրքերը ամրացնում է միջազգային քաղաքականության մեջ:

- ԵԱՀԿ ԽՎ-ի կազմակերպած Ռոզ-Ռոութ սեմինարի ժամանակ թուրք պատգամավորն ասաց, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ չկա Ղարաբաղի հարցում ճանապարհային քարտեզ` իրական քայլերի առումով, եւ քանի դեռ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները չեն հայտարարել, որ Ղարաբաղի հարցում առաջընթաց կա: Նա նաեւ ասաց, որ ԱՄՆ-ն աշխատում է ԼՂ կարգավորման հարցում առաջընթաց ապահովել: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի հրավերը այս հարցերի ենթատեքստում չի տեղավորվում:

-Թուրքիան կարող է շատ բան ասել, բայց Ղարաբաղի հարցով մեր դիրքորոշումները անփոփոխ են: Եվ դա ամբողջ աշխարհը, միջազգային հանրությունը գիտի: ԼՂՀ-ն չի կարող Ադրբեջանի կազմում լինել:

-Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը փակուղի՞ է մտել, եթե թուրքական կողմն ասում է` մինչեւ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի շահերից բխող առաջընթաց չապահովվի` իրենք չեն վավերացնի, հայկական կողմն էլ շարունակում է Ղարաբաղի հարցում պնդել իր դիրքորոշումը:

-Որեւէ փակուղու խնդիր չկա, որովհետեւ արձանագրությունները ստորագրելիս նախապայմաններ չեն եղել: Մենք առեւտրի դուրս չենք եկել, որ ինչ-որ բան տանք, եւ այդքան երջանիկ էլ մեզ չենք զգում, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ պետք է ունենանք: Պարզապես դա աշխարհի ընկալման տեսակետից եւ մեր շահերին առնչվող խնդիր է, ընդամենը դիվանագիտական հարաբերություններ: Իսկ Ղարաբաղի խնդիրը մեր ազգի ամենակարեւոր բարոյականություն է, եւ ինչու չէ, նաեւ մեր հետագա պետական ամրապնդման խնդիրներից մեկը: Դրանք բոլորովին տարբեր հարթություններ են:

Զրուցեց Դիանա Մարկոսյանը