Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակոբյանը չեմպիոնի հավակնորդ

Սպորտ

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում մնացել է անցկացնել երկու տուր, իսկ չեմպիոնի կոչմանը դեռեւս հավակնում են 8 շախմատիստներ: Նրանց թվում է նաեւ Հայաստանի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը 9-րդ տուրում սպիտակներով հաղթեց սերբ Բոյան Վուչկովիչին: Նա վաստակեց 7 միավոր եւ այժմ եւս 7 շախմատիստների հետ բաժանում է 2-8-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը սկսեց գլխավորել Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմյաշչին, որը պարտության մատնեց նախկին առաջատար Բայադուր Ջոբավային (Վրաստան) եւ հավաքեց 7,5 միավոր:

Ավաղ, Հրանտ Մելքումյանն այս տուրում անհաջողության մատնվեց եւ զիջեց դիրքերը: Նա, ինչպես նաեւ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Պետրոսյանը, որոնք հաղթանակներ տոնեցին, իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր: Նրանց մնում է պարզապես պայքարել աշխարհի գավաթի ուղեգրեր տվող 1-22-րդ տեղերի համար: Սակայն դրա համար հարկավոր է հաղթանակներ տանել վերջին երկու տուրերում, քանի որ նույնքան միավոր ունեն նաեւ եւս 4 տասնյակ շախմատիստներ:

Կանանց մրցաշարում աղյուսակը սկսեց գլխավորել լիտվացի Վիկտորյա Ցմիլիտեն, որը հաղթեց հենց իրեն համաքայլ ընթացող Մոնիկա Սոչկոյին (Լեհաստան) եւ իր միավորների քանակը հասցրեց 7,5-ի: Նրանից մեկ միավորով է ետ մնում Լիլիթ Գալոյանը, որն այս տուրում հաղթեց իր հայրենակից Էլինա Դանիելյանին: Վերջինս 5,5 միավորով արդեն տեղ է զբաղեցնում աղյուսակի երրորդ տասնյակում:

Այս տուրում հաղթանակ տարան Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը, որոնք իրենց ակտիվում ունեն համապատասխանաբար 5 եւ 4,5 միավոր: Իսկ ահա Անահիտ Խառատյանը հերթական` 6-րդ պարտությունը կրեց առաջնությունում: