Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mok
A A
Սպորտ

ՄՕԿ-ը 800 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսի վնասները հաղթահարելու համար

Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի պանդեմիայի և օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով առաջացած խնդիրները հաղթահարելու համար հատկացրել է 800 մլն դոլար: Այդ մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը՝ այսօր կայացած գործկոմի հեռավար նիստից հետո։

«Մենք այսօր առաջին հերթին քննարկեցինք, թե ֆինանսական ինչ վնաս է կրել օլիմպիական շարժումը կորոնավիրուսի պատճառով: Հիմա հնարավոր չէ հաշվարկել բոլոր հետևանքները, ոչ էլ կարող ենք նոր պլաններ կազմել, քանի որ չգիտենք, թե ապագայում ինչպիսին կլինի աշխարհը: Սակայն գործկոմն այսօր հաստատեց մի փաթեթ, որը կազմում է 800 մլն դոլար: Այն կուղղվի միմիայն կորոնավիրուսի կողմից հասցված վնասների հաղթահարման համար», - ասել է Թոմաս Բախը:

Նա նաև նշել է, որ այդ գումարից 150 մլն դոլարը կտրամադրվի հատուկ ստեղծված հիմնադրամին, որը ֆինանսական օգնություն ցույց կտա միջազգային մարզական ֆեդերացիաներին ու ազգային օլիմպիական կոմիտեներին:

 

Հիշեցնենք, որ 2020թ օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով և այն կկայանա 2021թ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը: