Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մակեդոնիան կողմնորոշվեց

Սպորտ

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Մակեդոնիայի ընտրանին մրցաշարին պատրաստվելու համար ընկերական խաղ կանցկացնի Ադրբեջանի ազգային թիմի հետ:

Այն տեղի կունենա մայիսի 29-ին, Ավստրիայում: Պատճառն այն է, որ ադրբեջանցիներն մայիսի վերջին եւ հունիսի սկզբին ուսումնամարզական հավաք են անցկացնելու այդ երկրում, ուստի նրանք մակեդոնացիներին առաջարկել են խաղալ հենց Ավստրիայում: Հարկ է նշել, որ մեր հարեւանները այդ օրերին կանցկացնեն եւս երկու ստուգողական խաղ` մայիսի 26-ին Մոլդովայի, իսկ հունիսի 2-ին` Հոնդուրասի հավաքականի հետ:

Մակեդոնիայի ընտրանին մայիսի 20-ին կհանդիպի Բուլղարիայի ազգային թիմի հետ, իսկ օգոստոսի 11-ին նրա մրցակիցը կլինի Մալթայի հավաքականը:

Իսկ ահա մեր ազգային թիմը դեռ չի կողմնորոշվել այդ հարցում: Ճիշտ է, խոսակցություններ են պտտվում Արգենտինայի հավաքականին Երեւան կանչելու մասին (այդ մասին իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարել է նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը), սակայն դեռ կոնկրետ ոչինչ էլ որոշված չէ: