Բացել լրահոսը Փակել լրահոսը
f305f745956dc73ba35774a404f470dc
A A
Պաշտոնական

Դեբեդում արտակարգ դրությունը սկզբում վնասեց զբոսաշրջությանը, ապա՝ գյուղատնտեսությանը (տեսանյութ)

Դեբեդում ամեն տուն ունի Բոնախի նման պահապան-բարեկամ։ Շանը ներկայացնելուց հետո 15-ամյա Սևակը խոսում է արտակարգ դրության պայմաններում գյուղատնտեսությունից ու երազանքներից, որից առաջինը գյուղատնտես դառնալն է, հետո ֆուտբոլիստ։

Դեբեդցի 21-ամյա Նվեր Մարտիրոսյանը զորացրվելուց հետո կիսում է տան ապրուստը հոգալու հոր հոգսերը։ Անասնաբուծությամբ ու հողագործությամբ է զբաղվում։ Շուտ է հիասթափվում, բայց ոչ գյուղատնտեսությունից։ Ապագան այս մասնագիտության մեջ է տեսնում։ «Ամուսնության մասին խոսելը շուտ է»,- ասում է, և ժպիտով արձագանքում՝ այդ տարիքում 2 աշխատանք ու ընտանիք ունենալու իր Գառնիկ պապի դիտողությանը։

Գյուղի հնաբնակներից 83-ամյա Գառնիկն իր կյանքում առաջին անգամ է լսում կորոնավիրուսի մասին։ Ասում է, որ գյուղատնտեսական աշխատանքների առաջին դժվարությունները հաղթահարել է 16 տարեկանում։

Դեբեդ համայնքում արտակարգ դրությունը նախ վնասեց զբոսաշրջությունը, ապա՝ գյուղատնտեսությունը։ Համայնքում տուրիզմը 2-րդ, նույնիսկ 3-րդ պլան է մղել գյուղատնտեսությանը, քանի որ գյուղմթերքի իրացումն ուղղակիորեն պայմանավորված է զբոսաշրջությամբ։ Մտահոգիչ է նաև գյուղմթերքի շուկայի մթերումը։

Դեբեդն այն եզակի համայնքներից է, ուր քիչ են արտագնա աշխատանքի մեկնողները․906 բնակչից 24-ն է մեկնում, նրանցից միայն 3-ն են կարողացել մեկնել։ Գյուղում հաշվառված է 780 խոշոր, 500 մանր եղջերավոր անասուն։

Տեղացիների հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է, մեղվաբուծությունը՝ 600 մեղվաընտանիքով, ինչպես նաև հողագործությունը։ 2016-17 թթ-ին գյուղացիները վարելահողերի 1/3-րդը վաճառել են Մանուկների զարգացման Սմարթ կենտրոնին, այժմ ունեն 80 հա վարելահող, որի մեծ մասը ծառայում է որպես խոտհարք։ Հիմնականում տնամերձերում զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ։

Մի կողմից կարկտապաշտպան կայանի, մյուս կողմից ռոգման համակարգի բացակայությունը մեծապես վնասում են առողջ և առատ բերքատվությանը, այդ պատճառով էլ այստեղ ավելի շահութաբեր է անասնապահությամբ զբաղվելը։