Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչո՞ւ իշխանությունը երկրորդ շանս տվեց դատական համակարգին (տեսանյութ)

Դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու։ Երեկ հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Մինչդեռ, մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը  դատական համակարգի առողջացումը տեսնում էր համընդհանուր վեթինգի մեջ։

Նախարարը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ եթերում  ներկայացրեց  դատական համակարգում բարեփոխումները, որոնցից մեկը  վերաբերում է հայտարարագրմանը։

«Առաջին անգամ դատական  օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելը և հայտարարագրում ու դրա վերլուծության արդյունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ բացատրություն չներկայացնելը արձանագրվում է որպես վարքագծի կանոն»:

Գործադիրի առաջարկած հաջոդ երկու մեխանիզմները Դատավորների գործունեության գնահատման ու էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովներն են: Առաջինը հետևելու է դատավորի գործունեությանը, խախտումներ արձանագրելու դեպքում գործը փոխանցելու է երկրորդ հանձնաժողովին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ սա երկրորդ  հնարավորություն  է համակարգի համար։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը զարմանում է՝ համակարգին երկու տարի արդեն շանս տրված էր.

«Եթե իրենք պատրաստվում են իրենց ողջ իշխանության ընթացքում հնարավորություններ ընձեռնել  համակարգերին, որոնք  աշխատել են պետության դեմ, ՀՀ –ի դեմ, խնդիր չկա, դա իրենց ծրագիրն է, բայց հեղափոխություն իրականացրած ժողովուրդը նման ծրագիր չի ունեցել»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ևս պնդում է՝ թավիշով եկած իշխանության կողմից նախկինում հանցավոր վճիռներ կայացրած դատավորներին երկրոդ շանս տալը դատական իշխանության առողջացում չէ.

«Մենք պիտի սկսենք հավատալ, որ այլևս այդ մարդիկ արդարամիտ են և պատվիրված ակտեր չեն կայացնում»:

Առաջարկվող փոփոխությունների պարագայում փաստաբանը  բարձրացնում է հետևյալ հարցադրումը.

«Երբ փորձ է արվում դատական իշխանության բարեփոխումները ներկայացնել միայն գույքային տիրույթում, օրինակ՝ 2008 թվականի Մարտի մեկի գործով ապօրինի դատական ակտեր կայացրած դատավորների պարագայում ստուգվելու է նրանց գույքային ունեցվածքը, ենթադրենք՝ որևէ խախտում չկա, արդյո՞ք նրանք շարունակելու են պաշտոնավարել»:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը համընդհանուր վեթինգին ի սկզբանե կողմ չէր: Նոր տարբերակի մասին ասում է՝ ավելի շատ բարեվարքության կոնտեքստում է և եթե գործնականում չարաշահուներ չլինեն, կարող է իր նպատակին ծառայել.

«Միակ անհանգստությունը այն է, թե ինչու են թիրախավորվել միայն դատավորները, երբ վիճակագրությունն  ասում է,  որ բարեվարքության ավելի խորքային խնդիրներ առկա են այլ ծառայություններում, այդ թվում՝ ոստիկանությունում, քննչականում»:

Կտրուկ փոփոխությունների անցանկալի հետևանքերի մասին խոսեց նաև Ռուստամ Բադասյանը: Մասնավորապես՝ նախարարարը բերեց Ալբանիայի օրինակը, որտեղ գործընթացը նախ տևել է սպասվածից բավականին երկար,  և բացի այդ, դատական համակարգի աշխատանքի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս ռիսկեր տեսնում է, բայց պնդում է՝ սա չի նշանակում, որ արատավոր համակարգը պետք է նույնը մնա:

Կտրուկ փոփոխությունների հետևանքով առաջացող ռիսկերի վերաբերյալ պնդումներին ի պատասխան Արայիկ Պապիկյանը բերում է հեղափոխությունից հետո  գործադիրի և օրենսդիրի օրինակը:

Որպես ելակետային լուծում, փաստաբանը տեսնում է Սահմանդրական ամբողջական փոփոխությունների տարբերակը: