Մեկ արծաթ, երկու` բրոնզ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտիկները Չեխիայի Ուստի նադ Լաբեմ քաղաքում անցկացվող «Գրան Պրիի» մրցաշարից հայրենիք վերադարձան երեկ մեդալով:
Բոլորից հաջող հանդես եկավ 69 կգ քաշային Արմեն Եփրեմյանը, որը հաղթահարեց առաջին երկու արգելքները եւ մտավ եզրափակիչ: Ավաղ, վերջին մրցամարտում մեր մարզիկը ընդամենը մեկ միավորի տարբերությամբ պարտվեց հունգարացի Բալաշ Բասկայիին` 1:2:
Չնայած ձախողմանը, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում հայտնեց, որ գոհ է Արմենի ելույթից: «Նա առաջին երկու փուլերում հաղթեց աշխարհի եւ Եվրոպայի ներկայիս չեմպիոններին: Ինչ վերաբերում է եզրափակիչ մրցամարտին, ապա մրցավարները վերջին պահին, կարելի է ասել, միավոր «նվիրեցին» հունգարացի բռնցքամարտիկին եւ հաղթանակը շնորհեցին նրան»:
Կիսաեզրափակիչ մտած մեր մյուս երկու բռնցքամարտիկները` Արա Պուլուզյանը (60 կգ) եւ Ցոլակ Անանիկյանը (91 կգ) միավորներով պարտվեցին իրենց մրցակիցներին եւ բավարարվեցին բրոնզե մեդալներով:
«Տղաներն ընդհանուր առմամբ լավ հանդես եկան: Գլխավորն այն էր, որ նրանք հնարավորություն ստացան ծանոթանալու Եվրոպայի առաջնությունում իրենց հավանական մրցակիցների հետ, ձեռք բերեցին միջազգային մարտերի նոր փորձ: Միայն Հրաչիկ Ջավախյանը (64 կգ) իր հնարավորություններից ցածր հանդես եկավ, որն առաջին իսկ մրցամարտում անսպասելի պարտվեց ոչ այնքան ուժեղ թունիսցի բռնցքամարտիկին: 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը չնայած ոչնչով չզիջեց իր մրցակցին, սակայն մրցավարները հավասար պայմաններում, չգիտես ինչու, նախապատվությունը տվեցին գերմանացի մարզիկին», - եզրակացրեց Ռաֆայել Մեհրաբյանը: