Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մելքումյանը հավասարվեց Հակոբյանին

Սպորտ

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում կարեւոր հաղթանակներ տարան մեր շախմատիստներ Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Դավիթ Պետրոսյանը, եւ կրկին բարելավեցին իրենց մրցաշարային գործերը: Մասնավորապես` Հրանտ Մելքումյանը վաստակած միավորներով (6) հավասարվեց Վլադիմիր Հակոբյանին եւ այժմ նրա հետ բաժանում է 6-7-րդ տեղերը: Արման Փաշիկյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Դավիթ Պետրոսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանն իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր եւ դեռեւս հավակնում են 2010 թ աշխարհի գավաթի ուղեգրերին: Իհարկե, դրա համար հարկավոր է, որ մեր շախմատիստները անտեղի միավորներ չկորցնեն վերջին երեք տուրերում:

Կանանց մրցաշարում ցավալի պարտություն կրեց հաջող հանդես եկող Լիլիթ Գալոյանը, որն այժմ 5,5 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը: Սակայն նա ընդամենը 1 միավորով է ետ մնում մրցաշարի երկու առաջատարներից, այնպես որ Լիլիթը դեռ կարող է շտկել իրավիճակը: Այս տուրում կարեւոր հաղթանակ տարավ Էլինա Դանիելյանը, որը նույնպես վաստակեց 5,5 միավոր եւ արդեն 22-րդն է աղյուսակում: Ավաղ, Լիլիթ Մկրտչյանը երկրորդ պարտությունը կրեց առաջնությունում եւ էլ ավելի ետ մնաց առաջատարներից: Հավելենք, որ այսօր միմյանց հետ կհանդիպեն Լիլիթ Գալոյանն ու Էլինա Դանիելյանը: