Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Հակոբյանը հաղթեց

Սպորտ

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները գերազանց հանդես եկան, 18 հնարավորից վաստակելով 12,5 միավոր (10 հաղթանակ, 5 ոչ-ոքի):

Տղամարդկանց մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց մեր ամենատարեց ու փորձառու մասնակիցը` Վլադիմիր Հակոբյանը: Այդ հաջողությունից հետո Վլադիմիրը վաստակեց 5,5 միավոր եւ այժմ գտնվում է 8-րդ հորիզոնականում: Աղյուսակը 6 միավորով գլխավորում են վրացի Բայադուր Ջոբավան եւ ուկրաինացի Զախար Եֆիմենկոն:

Այս տուրում միավոր վաստակեցին նաեւ Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտաշես Մինասյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Վահե Բաղդասարյանը, որոնք բարելավեցին իրենց մրցաշարային գործերը: Մասնավորապես` Հրանտ Մելքումյանը ներկայումս տեղ է զբաղեցնում աշխարհի գավաթի ուղեգիր տվող գոտում (1-22-րդ տեղեր): Նշենք, որ առաջատարների խմբում է նաեւ Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը:

Կանանց մրցաշարում աղյուսակը շարունակում է գլխավորել լեհ Մոնիկա Սոչկոն, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց մեր շախմատիստուհի Լիլիթ Գալոյանի հետ: Սոչկոն վաստակել է 6 միավոր, իսկ Լիլիթը` 5,5: Էլինա Դանիելյանը, որն այս տուրում հաղթեց Իտալիան ներկայացնող Ելենա Սեդինային, 4,5 միավորով գտնվում է 31-րդ հորիզոնականում: Նրանից կես միավորով ետ է մնում Լիլիթ Մկրտչյանը, ով այս անգամ խաղաղ դաշն կնքեց վրացի Մակա Փուրցելաձեի հետ:

Այսօր հանգստյան օր է հայտարարված առաջնությունում, իսկ վաղը տեղի կունենան 8-րդ տուրի պարտիաները: Վլադիմիր Հակոբյանը սեւերով կհանդիպի հենց առաջատար Զախար Եֆիմենկոյի հետ: Հավելենք, որ միմյանց հետ կմրցեն Դավիթ Պետրոսյանն ու Արտաշես Մինասյանը: Կանանց մրցաշարում Լիլիթ Գալոյանը ուժերը կչափի գործակիցներով մրցաշարի 3-րդ շախմատիստուհի Աննա Մուզիչուկի (Սլովակիա) հետ: