Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատարան
A A
Պաշտոնական

Դատարանների աշխատանքն արտակարգ դրության պայմաններում

«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների համատեղ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում պարզ դարձավ, որ իրավիճակը պարտադրել է մի շարք խնդիրներ դատական համակարգի աշխատանքների անխափան և բնականոն իրականացման համար։ Դատարանների աշխատանքն արտակարգ դրության պայմաններում․ հայտնաբերված խնդիրներ և բարելավմանն ուղղված առաջարկություններ․

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Պարետի՝ «ՀՀ ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» թիվ 15 որոշման կատարումն ապահովելու նպատակով ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը ս․թ․ մարտի 24-ին որոշում կայացրեց ներդնել ՀՀ բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ՝հնարավորություն տալով դատական նիստերն իրականացնել հեռավար/առցանց տարբերակով՝ բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:

ՀՀ դատական համակարգի պատմության մեջ առաջին անգամն էր, երբ դատարանները
պետք է կարճ ժամանակում անցում կատարեին դատավարությունների հեռավար անցկացման եղանակին՝ երաշխավորելով դատարանների բնականոն գործունեությունը նաև արտակարգ դրության պայմաններում: «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների համատեղ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում, սակայն, պարզ դարձավ, որ իրավիճակը պարտադրել է մի շարք խնդիրներ դատական համակարգի աշխատանքների անխափան և բնականոն իրականացման համար։

Ստորև ներկայացված դիտարկումներն ու բացահայտումները հիմնված են դատական նիստերի մասնակից փաստաբանների, ինչպես նաև իրավապաշտպանների, Երևանում և ՀՀ տարբեր մարզերում գործող դիտորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցների, մեր կողմից նախաձեռնված առցանց հարցման արդյունքների վրա։
Ամփոփելով մեր դիտարկումների արդյունքները՝ ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դատական նիստերի բնականոն անցկացմանը խոչընդոտող հետևյալ հիմնական խնդիրները, ինպես նաև լուծման վերաբերյալ առաջարկություններ՝ ուղղված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին, Դատական դեպարտամենտին, ՀՀ գլխավոր դատախազությանը, Ազգային Ժողովին, Կառավարությանը և մյուս շահագրգիռ կողմերին։
Արձանագրված խնդիր
Մի շարք դատարաններում դատական նիստերն առանց հիմնավոր պատճառաբանության
հետաձգվում են՝ հավանաբար դատական նիստը հեռավար անցկացնելու համար տեխնիկապես
պատրաստ չլինելու հետևանքով։ Առավել մտահոգիչ են այն նիստերի հետաձգումները, որոնց
ժամանակ պետք է քննվեին հրատապություն ունեցող հարցեր, ինչպիսիք են օրինակ
խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը, հայցի ապահովման միջոցների կիրառումը։
Թեև քրեական վարույթներով դատական նիստերն առավելապես հետաձգվում են մեղադրողի
(դատախազի) չներկայանալու պատճառով, այդուհանդերձ, նաև ստացվել են ահազանգեր,
համաձայն որոնց որոշ դատավորներ ևս չեն ներկայացել դատարան կամ թերևս նիստերի
դահլիճ, կամ ներկայանալով, միևնույն է, անհիմն կերպով հետաձգել են դատական նիստը, թեև
դատավարության բոլոր մասնակիցները ներկայացել են նիստին։ Արձանագրվել են նաև
դեպքեր, երբ նիստերը հետաձգվել են առանց կողմերին պատշաճ ծանուցելու։
Առաջարկում ենք․
Տեխնիկական հնարավորությունների բացակայության պայմաններում դատական նիստն
անցկացնել դատավարության մասնակիցների ֆիզիկական ներկայության պայմաններում, որը
հնարավոր է անել՝ պահպանելով առողջության պահպանման և անվտանգության կանոնները։
Բացառություն կարող են լինել քաղաքացիական գործերը, եթե կողմերը փոխադարձ
համաձայնությամբ որոշել են հետաձգել գործի քննությունը։
Նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ՝ բոլոր դատարաններին տեսաձայնային
հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ հեռավար դատավարություն անցկացնելու,
քրեական գործերով մի շարք բողոքների և միջնորդությունների էլեկտրոնային
փաստաթղթաշրջանառության միջոցով կազմակերպման հնարավորություն ընձեռելու
նպատակով, դրանք ամրագրելով օրենսդրորեն (օրինակ՝ կալանքի գործեր, ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով քննվող բողոքներ և այլ)։
Արձանագրված խնդիր
Դատարաններում հեռավար դատական նիստերն իրականացվում են հեռախոսազանգի կամ
տարբեր հավելվածների տեսազանգի միջոցով, չի գործում միասնական մոտեցում և
պաշտոնական հարթակ, որը կծառայի որպես դատական նիստերի հեռավար անցկացման
տեխնիկական խնդիրների լուծման և դատավարության կողմերին պատշաճ ծանուցելու
պահանջի կատարման գործիք, մշտապես ապահովելով էլեկտրոնային տարբերակով վարվող
դատական գործընթացների անվտանգությունը։ Սա կարելի է իրականացնել օգտագործելով
արդի հեռահար հաղորդակցության պաշտոնապես պաշտպանված միջոցներ /օրինակ՝
Microsoft-ի կողմից առաջարկվող գործիքներ/։
Առաջարկում ենք․
Ստեղծել կամ ընտրել դատական նիստերը հեռավար անցկացնելու առցանց հարթակ,
տեխնիկապես զինել բոլոր դատարանները և վերապատրաստել աշխատակազին։ Հնարավոր
դարձնել հեռավար դատավարության ողջ ընթացքի, ներառյալ դատավարությանը հեռավար
մասնակցող մասնակիցների ելույթների, ձայնագրումը։ Հարթակն օգտագործել ինչպես պատշաճ
ծանուցում ապահովող գործիք, այնպես և որպես փաստաթղթերի շրջանառման հարթակ։
Առցանց/հեռավար նիստերի անցկացման կարգը և ձևն ամրագրել օրենսդրորեն։
Արձանագրված խնդիր
Արտակարգ դրության պայմաններում սահմանափակվում է դատավարության կողմերից բացի
այլ անձանց մասնակցությունը դատական նիստին, որը փաստացի տարածվում է նաև
դիտորդների և լրագրողների վրա, ինչն առաջացնում է խնդիրներ թափանցիկության,
տեղեկատվության հասանելիության և հանրային վերահսկողության տեսանկյունից։
Առաջարկում ենք․
Գիտակցելով ներկա իրավիճակում առողջության պահպանման և անվտանգության
առաջնահերթությունը, այդուհանդերձ գտնում ենք, որ կարելի է թույլատրել լրատվամիջոցների
և դիտորդների մասնակցությունը դատական նիստերին՝ պահպանելով սահմանված
կանխարգելիչ կանոնները՝ այսպիսով ապահովելով հանրության տեղեկատվություն ստանալու
պահանջը և իրավունքը, հատկապես հանրային հետաքրքրություն ներկայացնող գործերով։
Կարծում ենք, որ դատարանների նիստերի դահլիճների մեծ մասի չափերը թույլ են տալիս
վերոբերյալ պայմաններում ապահովել դատական նիստերին այլ անձանց ներկայությունը ևս։
Ընդհանրական առաջարկություններ
Այլ շահագրգիռ կառույցների հետ հետ համատեղ քննարկել ցանկացած արտակարգ
իրավիճակներում միասնական «Թեժ գիծ» կամ այլ կիրառելի գործիք ստեղծելու հարցը, որը
նպատակաուղղված կլինի օպերատիվ կերպով արձագանքելու շահագրգիռ անձանց
/փաստաբաններ, իրավապաշտպաններ, լրագրողներ, դիտորդներ, այլոք/ արձանագրած
խնդիրներին՝ դրանք փոխանցելով պատասխանատու կառույցներին։
Կարևորելով արտակարգ դրությամբ պայմանավորված դատական նիստերի հեռավար
անցացման և փաստաթղթերն /օրինակ՝ հայցադիմում, բողոք, կատարողական թերթ, այլն/
էլեկտրոնային եղանակով ներկայացման գործիքակազմի և մեխանիզմների ներդրումն ու
զարգացումը՝ գտնում ենք, որ այդ գործիքակազմն ու մեխանիզմները կարող են և պետք է գործեն
ՀՀ դատական համակարգում նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի վերացումից հետո՝
խնայելով դատարանների և դատավարության մասնակիցների ժամանակը և այլ ռեսուրսները։
Այս առումով անհրաժեշտ ենք համարում համապատասխան օրենսդրություններում
փոփոխությունների կատարումը։

«Հելսինկյան ասոցիացիա»