Արոնյանը կպայքարի իր տիտղոսի համար
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը, մարտի 13-ին, Ֆրանսիայի Նիս քաղաքում կմեկնարկի շախմատի «Ամբերի» 19-րդ մրցաշարը, որը կազմակերպում է հոլանդացի բարեգործ Յոպ Վան Օստերը, ով շախմատի մեծ սիրահար է:
Այս տարի մրցաշարին կմասնակցեն 12 շախմատիստ, այդ թվում Լեւոն Արոնյանը: Նրա մրցակիցները կլինեն նորվեգացի հրաշամանուկ, ՖԻԴԵ-ի դասակարգմամբ աշխարհի թիվ 1 շախմատիստ Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 3-րդը ՖԻԴԵ-ի ցուցակում), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան, 7), Պետեր Սվիդլերը (Ռուսաստան, 8), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 9), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա, 11), Վուգար Հաշիմովը (Ադրբեջան, 12), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա, 15), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 21), Լեյնիեր Դոմինգեսը (Կուբա, 27) եւ Յան Սմիթսը (Հոլանդիա, 87):
Մրցաշարը կանցկացվի մարտի 13-ից մինչեւ 25-ը (հանգստյան օրերը` մարտի 17 եւ 22): Յուրաքանչյուր տուրում մրցակիցները կանցկացնեն երկուական պարտիա «կույր» եւ արագ շախմատի կանոններով: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 216 հազար եվրո:
Նշենք, որ վերջին երկու տարիներին հաղթող է ճանաչվել մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, իսկ բոլորից հաճախ «Ամբերի» գլխավոր մրցանակին տիրել է Վլադիմիր Կրամնիկը` 6 անգամ: