Շախմատային օրագիր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստուհի Լիլիթ Գալոյանը շարունակում է վերելքով հանդես գալ Խորվաթիայի Ռիեկա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 6-րդ տուրում նա սեւերով հաղթեց ուկրաինուհի Աննա Ուշենինային եւ վաստակելով 5 միավոր, բարձրացավ 4-րդ հորիզոնական: Լիլիթն ընդամենը կես միավորով է ետ մնում կանանց առաջնության միանձնյա առաջատար Մոնիկա Սոչկոյից (Լեհաստան):
Երկորդ հաղթանակը տարավ Հայաստանի 2010 թ չեմպիոնուհի Անահիտ Խառատյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ 3,5 միավորով առայժմ միջին դիրքեր են գրավում մրցաշարային աղյուսակում:
Մեր շախմատիստները, ավաղ, շատ թույլ հանդես եկան այս տուրում: Առաջատարների շարքերում ընթացող Հրանտ Մելքումյանն ու պատանի Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաեւ նրանց կրնկակոխ հետապնդող Տիգրան Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը պարտություններ կրեցին եւ զիջեցին դիրքերը: Ի դեպ, Տիգրանին այդ օրը «նեղացրեց» նրա հայրենակից Սերգեյ Մովսիսյանը, որը ներկայացնում է Սլովակիան:
Բարեբախտաբար Վլադիմիր Հակոբյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում եւ վաստակելով 4,5 միավոր, կտրուկ բարելավեց իր մրցաշարային գործերը: Այժմ նա զբաղեցնում է 26-րդ տեղը, եւ մրցաշարի երկու առաջատարներին զիջում է 1 միավոր: