Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անահիտ Մկրտչյան
A A
Հասարակություն

Սեւազգեստ մայրը Եվրադատարանում հաղթեց ՀՀ կառավարությանը (տեսանյութ)

19  տարի առաջ  Վայքի զորամասերից մեկում սպանված 22-ամյա զինծառայող Արայիկ Ավետիսյանի գործով  Եվրադատարանն այսօր որոշում հրապարակեց։   Դատարան դիմել էր  մայրը՝ Անահիտ Մկրտչյանը։

Եվրադատարանի վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության է՝ խախտվել է  նրա որդու կյանքի իրավունքը, որի համար դիմումատուին    կառավարությունը  պետք է վճարի 24000 եվրո որպես ոչ նյութական վնասի եւ եւս 2000 եվրո՝  ծախսերի՝ փոխհատուցման համար։

  Հիշեցնենք, որ Արայիկ Ավետիսյանը սպանվել էր  բանակ զորակոչվելուց ընդամենը մեկ տարի անց՝  հրազենային մահացու վիրավորումից։ Մեղադրանք էր առաջադրվել մի զինծառայողի՝  անզգուշությամբ կատարված սպանության համար ՝ հրազեն գործելու կանոնները խախտելու արդյունքում  Անահիտ Մկրտչյանը  բազմիցս հայտարարել է, որ սպանությունը բացահայտված չէ։ 

Ըստ նրա՝ իր որդուն սպանել է  գումարտակի հրամանատարը դիտավորյալ, շահադիտական նպատակներով միայն այն բանի համար, որ մի քանի օրով տուն արձակուրդ գալու համար հրամանատարին խոստացված 100 ԱՄՆ դոլարը չի տարել: Արայիկը սպանվել էր արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո։

Գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանն այս գործով   մեղադրվել էպաշտոնական դիրքի չարաշահման եւ զինվորներին ծեծելու համար, ազատազրկվել  2 տարի ու ազատ արձակվեց: «Սակայն անհրաժեշտ էր, որ նա սպանության գործով դատվեր»,- «Ա1+»-ին մի քանի անգամ ասել է  տիկին Անահիտը:

 Հիշեցնենք, որ  Անահիտ Մկրտչյանը մեկն է այն սեւազգեստ մայրերից, որոնք ամեն հինգշաբթի բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով որդիների մահվան հանգամանքների  իրական բացահայտում։

 Տեսանյութը՝ արխիվից