Ես տանն եմ, բայց կարոտում եմ իմ երեխայիս, քանի որ իրավունք չունեմ նրան գրկել. կորոնավիրուսը հաղթահարած բուժքույր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲուժքույր Անժելա Նազարեթյանը, որը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում օգնում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին, ինքը ևս վարակվել է: Սկզբում 37. 2 ջերմություն և սրտխփոցներ է ունեցել, հիվանդանոցի բաժնի վարիչի և տնօրինության կողմից, որոշվել է թեսթավորում անցկացնել, պատասխանը դրական է եղել:
Անժելա Նազարեթյանը ապաքինվել է, արդեն երկու օր է տանն է «Ա1+»-ը հեռավար զրուցեց նրա հետ:
-Դուք բուժումը ստացել եք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցո՞ւմ, որտեղ աշխատում եք:
-Հետազոտություններից հետո տեսնելով, որ հիվանդությունս թեթև է ընթանում, որոշվեց ինձ տեղափոխել Նորքի Ռեզորտ հյուրանոցը, որտեղ մնացել եմ 14 օր:
-Ձեր ընտանիքի անդամները մեկուսացվե՞լ են , արդյո՞ք նրանց մոտ վարակ հայտնաբերվել է:
-Թեսթի դրական պատասխանից հետո ինձ զանգեցին Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից։ Բժշկուհուն ասացի, որ աշխատանքից հետո տուն եմ վերադարձել և որոշվեց ընտանիքիս անդամներին նույնպես մեկուսացնել: Նրանք 14 օր գտնվել են կարանտինում, սակայն ոչ մեկի մոտ վիրուս չի հայտնբերվել և տեղափոխվել են տուն:
-Դուք արդեն կարո՞ղ եք վերադառնալ աշխատանքի, թե առայժմ պետք է մնաք տանը:
-Դեռ 14 օր պետք է մնամ տանը, սակայն տան անդամների հետ չպետք է շփվեմ: Սենյակից դուրս չեմ գալիս, քանի որ չի թույլատրվում: Ամենադժվարն այն է, որ բալիկիս հետ չեմ կարողանում շփվել: Դա բոլոր բուժաշխատողների խնդիրն է անգամ տանը գտնվելով, պետք է հեռու մնալ ընտանիքից, ինչը շատ դժվար է:
-Ձեզ հետ այլ բուժաշխատողներ մեկուսացվա՞ծ եղել են, թե ոչ:
-Ես տեղյակ չեմ եղել, քանի որ սենյակում գտնվել եմ մենակ:
-Ի՞նչ զգացողութուն ունեցաք, երբ իմացաք, որ վարակվել եք:
- Դժվար էր շատ: Ինձ առաջինը տեղյակ է պահել բաժնի վարիչը, ասաց, որ իրենց համար անակնկալ էր իմ հիվանդանալը, քանի որ պահպանել ենք բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Ինձ համար էլ զարմանալի էր, քանի որ ես ինքնս այդ հարցում շատ ուշադիր եմ, բայց փաստը մնում է փաստ, որ ես հիվանդացել եմ: 18 օր չեմ տեսել իմ ընտանիքին: Նրանք էլ Ծաղկաձորում մեկուսացաված են եղել: Կարանտինի ընթացքում ունեցել եմ ֆինանսական դժվարություններ, քանի որ, ո՛չ ես, ո՛չ ընտանիքիս անդամները չէինք կարող աշխատել: Դժվար էր նաև երեխային 4 պատի մեջ պահելը, քանի որ նա շատ ակտիվ երեխա է: Պետքէ նշեմ, որ կան շատ բուժաշխատողներ, որոնք ամիսներ շարունակ իրենց բալիկներին չեն կարողանում տեսնել: Աշխատանքի ընթացքում երբեմն տեսնում էինք, որ բուժաշխատողը փակվել է մի սենյակում և արտասվելով խոսում է իր բալիկի հետ: Բուժաշխատողների մեծ մասը կանայք են և ուզում են վերջապես տուն գնալ, իրենց բալիկներն էլ իրենց են կարոտում: Ես տանն եմ,բայց կարոտում եմ իմ երեխային, քանի որ իրավունք չունեմ նրան գրկել, համարյա երկու ամիս ես մոտ չեմ գնացել իմ բալիկին:
- Մինչ վարակվելը շփվե՞լ եք այլ հիվանդների հետ, ի՞նչ հոգեվիճակ են ունենում հիվանդները, երբ հայտնաբերում են, որ վարակված են կորոնավիրուսով:
- Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում: Կան մարդիկ ում մոտ լինում է վախ, տագնապի զգացողություն: Հիվանդներ էլ կան, որ ասում են՝ սա էլ կհաղթահարենք: Հիվանդանոցում աշխատում են կամավոր հոգեբաններ, նրանց հեռախոսահամարները փակցված է հիվանդասենյակի դռներին, եթե հիվանդները ունենում են վախեր տագնապներ, զանգահարում են և հոգեբաններն աշխատում են նրանց հետ, օգնում հեշտ հաղթահարել հոգեբանական խնդիրները: Հիվանդանալուց հետո ես ավելի լավ եմ հասկանում նրանց հոգեվիճակը
- Երկար ժամանակ է աշխատում եք բժշկական ոլորտում, այդ տարիների ընթացքում եղե՞լ է վարակի տարածման նման ծանր շրջան:
-Աշխատել եմ նաև H1N1վիրուսի ժամանակ և վիճակը կարելի է ասել նույնն էր, բայց այս վիրուսի վարակելիությունը ավելի բարձր է: Իմ կարծիքով, իմ հիվանդանալու պատճառներից մեկը հենց դա էր: Ամեն դեպքում տարբեր է կարանավիուսից հետո կյանքը: Մարդիկ պետք է ավելի բարիանան և սիրեն միմյանց՝ գնահատելով ամեն օրը, որ անցկացնում են իրենց սիրելի մարդկանց հետ: Բոլորին և հատկապես բուժաշխատողներին ցանկանում եմ ուժ, որպեսզի կարողանան հաղթահարել և պատվով դուրս գալ այս փորձությունից, չնայած վստահ կարող եմ ասել, որ պատվով դուրս ենք գալու: Բոլոր հիվանդներին ցանկանում եմ բացասական թեսթեր: