Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու հաղթանակ, մեկ` պարտություն

Սպորտ

Հանրապետության առաջատար ֆուտբոլային թիմերը շարունակում են ուսումնամարզական հավաքներ անցկացնել արտասահմանյան երկրներում եւ փորձարկում ուժերը:

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը», որն այժմ հավաք է անցկացնում Իտալիայում, ստուգողական առաջին խաղում 7:0 հաշվով հաղթել է «Պոմեցիա» սիրողական թիմին, որը հանդես է գալիս տեղի «Դ» լիգայում: Ինչպես տեղեկացրին «Փյունիկի» մամուլի կենտրոնից, առաջին խաղակեսում մեր թիմը հանդես է եկել հիմնական, իսկ երկրորդում` փոխարինող կազմով: Հիմնական կազմի խաղացողները խփել են 3 գոլ, իսկ փոխարինողները` 4:

Աշտարակի «Միկան» Իսպանիայում անցկացրած երկրորդ ընկերական խաղում կրկին 1:0 հաղթանակ տարավ, այս անգամ իսպանական «Ալխեսիրասի» նկատմամբ: Երեւանի «Բանանցը», որը երկրորդ հավաքն է անցկացնում Թուրքիայում, առաջին ստուգողական խաղում պարտվեց դանիական «Հորսենսին»` 0:3:

Իսկ ահա բարձրագույն խմբի նորեկ Դիլիջանի «Իմպուլսը» ներկայումս հավաք է անցկացնում Ուռեկիում, Վրաստան: Մեր թիմը այնտեղ կանցկացնի երկու ստուգողական հանդիպում. Մարտի 10-ին «Իմպուլսի» մրցակիցը կլինի Սամտրեդիայի «Լոկոմոտիվը», 13-ին` Փոթիի «Կոլխեթին»:

Այսօր «Միկան» կմրցի ֆիննական ՀԻԿ-ի հետ, վաղը «Բանանցը» կհանդիպի Ղրղզստանի չեմպիոն «Դորդոյ-Դինամոյի» հետ: «Փյունիկը» իր երկրորդ խաղը կանցկացնի մարտի 12-ին: Մրցակիցը հայտնի կդառնա խաղի նախօրեին: