Բացել լրահոսը Փակել լրահոսը
pizap
A A
Տնտեսություն Հասարակություն

Գերատեսչությունները խոշոր գումար են ծախսել ալկոգել, դիմակ, ձեռնոց գնելու համար

Նոր կորոնավիրուսի համաճարակը սոցիալ-տնտեսական բավականին ծանր կացության մեջ է դրել Հայաստանին: Արդեն մեկուկես ամիս է, ինչ ոչ միայն չեն աշխատում մեր երկրի շատ բիզնես-ոլորտներ, և այդ պատճառով ապրիլ ամսից սկսած`            ոչ միայն կտրուկ կնվազեն պետական բյուջե հարկային եկամուտները, այլև եղած ու տնտեսված միջոցներն էլ ներդրվում են համաճարակի սոցիալական, տնտեսական ու առողջապահական հետևանքները մեղմելու համար:

«Ա1+»-ն արդեն ներկայացրել է, թե պետությունը որքան գումար է տրամադրել հյուրանոցային ծառայություններ գնելու համար, որ մեկուսացնի հնարավոր վիրուսակիրներին, որքան գումարով է Չինաստանից վիրուսը հայտնաբերող թեստեր, արհեստական շնչառական ապարատներ ու բժշկական այլ պարագաներ գնել: Այս անգամ կներկայացնենք, թե պետական գերատեսչությունները կամ գերատեսչություններից յուրաքանչյուրը որքան միջոցներ են ծախսել ախտահանիչ` սպիրտ, քլորանյութ ու պաշտպանիչ միջոցներ` դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել և այլ պարագաներ ձեռք բերելու համար:

Հիշեցնենք, որ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ ու դրանից հետո էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ կոչ է արել բոլոր գործատուներին` լինեն դրանք պետական, թե մասնավոր, իրենց տարածքներում աշխատողների համար ապահովեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցները: Իհարկե, հնարավոր չէ հատ-հատ անդրադառնալ բոլոր մեծ ու փոքր գերատեսչություններին ու այդ ուղղությամբ նրանց կատարած ծախսերին, բայց կներկայացնենք ամենաակտիվ գնումներ կատարող մարմիններին:

Եվ այսպես`կառավարության գնումների ցանկից կարելի է հասկանալ, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ ամենաակտիվ պաշտպանվող հիմնարկը եղել է նախագահականը: Եվ եթե մյոս բոլոր գերատեսչությունները սկսել են ալկոգել, դիմակ, ձեռնոց, խոնավ անձեռոցիկ և այլ նյութեր գնել հիմնականում մարտի 16-ից` արտահերթ դրության հաստատումից հետո, ապա նախագահականը նման նյութեր գնում էր շատ ավելի վաղ: Եվ նախագահի աշխատակազմը գրեթե շաբաթը երկու կամ երեք անգամ հաճախականությամբ թարմացնում է իր պաշտպանիչ «զինանոցը»: Նախագահ Արմեն Սարգսյանն ինքը, ի տարբերություն ՀՀ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների, հանդիպումների ժամանակ սոցիալական շատ մեծ հեռավորություն է պահպանում: Եվ մարտ-ապրիլ ամիսներին`ընդամենը 6 շաբաթվա ընթացքում նախագահականը 16 գնումներով ձեռք է բերել ավելի քան 3 մլն 757 հազար դրամի դիմակներ, ձեռնոցներ, խոնավ անձեռոցիկ, ալկոգել և այլ պաշտպանիչ ու ախտահանիչ նյութեր:

Իսկ գումարային առումով այդ նյութերի վրա ամենաշատը ծախսել է Ոստիկանությունը: Դա թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ գերատեսչությունը առավել քան սովորական օրերին հիմա պահպանում է հասարակական կարգը արտակարգ դրության սահմանած պայմաններում: Եվ որ Ոստիկանությունն ամենամեծ ծառայողներ ունեցող գերատեսչություններից է: Այդպիսով այս կառույցը մարտ-ապրիլ ամիսներին մոտ 25 գնումներով ավելի քան 67 մլն դրամի ձեռք է բերել նշված պաշտպանիչ միջոցները, ինչպես նաև էլեկտրոնային ջերմաչափ, պաշտպանիչ արտահագուստ:

Վարչապետի աշխատակազմը թեև միլիոնավոր դոլարներ է հատկացրել Չինաստանից մեծ գնումներ կատարելու համար, բայց արդեն իր համար շատ գիչ գումար է ծախսել` 960 հազար դրամ:

Դիմակներ, ձեռնոցներ, էլեկտրոնային ջերմաչափ ձեռք բերելու համար խոշոր գումար է ծախսել նաև ՊԵԿ-ը` ավելի քան 10 մլն դրամ: Դատախազությունը ծախսել է մոտ 560 հազար դրամ, Դատական դեպարտամենտը` 1 մլն 263 հազար դրամ, Քննչական կոմիտեն`մոտ 1 մլն 410 հազար դրամ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այդ պաշտպանիչ միջոցներին հատկացրել է 412 հազար դրամ:

Նախարարություններից նկատելի էր հատկապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հատկացրած գումարների չափը` 9 գնումներով մոտ 3,4 մլն դրամի պաշտպանիչ միջոցներ է ձeռք բերել: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` 462 հազար դրամի:

Իհարկե, կառավարության գնումներիի ցանկում կային մարզպետարաններ, պետական հանձնաժողովներ և այլ գերատեսչություններ, որոնք նույնպես նման գնումներ էին արել, բայց նրանց ծախսը շատ ավելի քիչ էր: Կառավարության գնումների ցանկում, սակայն, չկային այդ ուղղությամբ Պաշտպանության նախարարության և Ազգային ժողովի ծախսերը, որոնք նույնպես մեծ կլինեին: Բայց միայն այս 10 գերատեսչություններն իրենց աշխատողների համար անցած 6 շաբաթների ընթացքում ձեռք են բերել ավելի քան 90 մլն դրամի ալկոգել, դիմակներ, ձեռնոցներ, էլեկտրոնային ջերմաչափեր և այլ պաշտպանիչ միջոցներ: Եվ դեռ հարց է, թե համաճարակը որքան կշարունակվի, և պետբյուջեից այս ուղղությամբ որքան գումար կծախսվի: Ամեն դեպքում թե համաշխարհային, թե ՀՀ պաշտոնյաները հայտարարում են, որ կորոնավիրուսը առնվազն 1-1, 5 տարի մեզ հետ է լինելու, և մենք պետք է փոխենք մեր ապրելակերպը, վարքագիծն ու ամեն օր, ամեն ժամ պաշտպանիչ միջոցներ օգտագործենք: Եվ դա նշանակում է, որ միայն վերը նշված գերատեսչություններն առաջիկայում առնվազն 10 անգամ 90 մլն դրամ են ծախսելու այդ ուղղությամբ: