Ընդամենը մեկ մասնակից
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 12-14-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությանը Հայաստանից կմասնակցի ընդամենը մեկ մարզիկ:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց, որ մեր մարզիկները չեն լրացրել աշխարհի առաջնության նորմատիվները, իսկ նման դեպքերում միջազգային ֆեդերացիան յուրաքանչուր երկրին հատկացնում է ընդամենը մեկ տեղ:
Դոհայում Հայաստանը կներկայացնի վանաձորցի հեռացատկորդ Արսեն Սարգսյանը:
«Հունվարին կայացած Հայաստանի ձմեռային առաջնությունում նա ցույց տվեց 7 մետր 93 սմ արդյունք, որը բավական լավ ցուցանիշ է փակ մարզասրահի համար: Այդ իսկ պատճառով ՀԱՖ-ն որոշեց Դոհա գործուղել Արսեն Սարգսյանին» - պարզաբանեց տիկին Շահբազյանը:
Արսեն Սարգսյանը երեկ է վերադարձել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից, որտեղ անցկացրել է ուսումնամարզական հավաք, բացի այդ մասնակցել այդ երկրի ձմեռային առաջնությանը (այդ մրցումներում նա ցատկել է 7,60 մ):
Ինչպես տեղեկացրեց Նարինե Շահբազյանը, մեր աթլետներին հիմնականում լուրջ փորձություններ են սպասվում մայիս եւ հունիս ամիսներին. «Մայիսի 22-24-ը Մոսկվայում տեղի կունենա պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար, որին կմասնակցեն մեր 4 մարզիկ-մարզուհիները: Նույն ամսի վերջին կանցկացվի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքների հիման վրա կձեւավորվեն մեր տղամարդկանց եւ կանանց հավաքականները, որոնք հունիսի 19-20-ը Մալթայում կմասնակցեն Եվրոպայի թիմային առաջնությանը»:
Ի դեպ, այդ մրցումներում մեր մարզիկ-մարզուհիները 20 ձեւերից կմասնակցեն 19-ին, քանի որ մենք հանրապետությունում չունենք ձողացատկորդներ: