Բացել լրահոսը Փակել լրահոսը
vahram_avanesyan_
A A
Հարցազրույց Տնտեսություն

Հայաստանն արդեն 2 միլիարդ դոլար է կորցրել. Վահրամ Ավանեսյան

2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով: Սա պաշտոնապես հայտարարվել կառավարության նիստում՝ ՀՀ տնտեսությունում ներկայումս կիրառվող սահմանափակումների և արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այդ զարգացումներին հակազդելու համար կիրառվող 150 մլրդ աջակցության փաթեթների ազդեցության գնահատման արդյունքում ։

Ըստ այդմ՝ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով, պետական բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ։

 «Ա1+»-ի հարցերին պատասխանում է  Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը։

- Պարոն Ավանեսյան, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց, որ նոր կորոնավիրուսի համաճարակի առաջացրած ճգնաժամը «ՀՆԱ-ի իրական աճի տեսանկյունից 2-2,4 տոկոս բացասական ազդեցություն կարող է ունենալ», բայց դուք մոտ 15 տոկոս անկում էիք կանխատեսել: Կառավարությունը մե՞ղմ է գնահատում իրավիճակը:

- Ես չեմ գնահատել 2020թ. տնտեսական աճի մեծությունը, ես գնահատել եմ, թե ինչքան կորուստներ կունենա ՀՀ-ն կորոնավիրուսից: Կորուստները գնահատվել են առանց միջամտությունների, առանց պետական աջակցության, առանց իներցիոն աճի, առանց զարգացման աճի: Դա բազային միջին գնահատականն է: Իմ գնահատականներում հաշվի չեն առնվել, թե կառավարության այս ծրագրերն ինչ ազդեցություն կունենան տնտեսական աճի նվազման, մեղմացման տեսանկյունից: Եվ պետք չէ իմ գնահատականը համեմատել կառավարության գնահատականների հետ: Բայց դա այնքան էլ ցածր թիվ չէ: Եթե բյուջեով 4,9 տոկոս աճ էինք սպասում, իսկ հավակնությունները մինչև 7-8 տոկոսի էին, ապա 2- 2,4 տոկոսը շատ զգալի փոփոխություն է:

- Դուք նաև ասել էիք, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո յուրաքանչյուր օր Հայաստանն ունենալու է 51 մլն դոլարի կորուստ: Այսինքն Հայաստանն արդեն 2 մլրդ դոլարի կորո՞ւստ է կրել:

- Այո, այդպես է ստացվում, կորցնում ենք: Օրինակ, առաջին երկու ամիսներին տնտեսությունն աճել է, ենթադրում եմ, որ եռամսյակային տվյալներով էլ կաճի, բայց հետո բացասական ազդեցությունն արդեն էական կլինի:

- Այս ճգնաժամի առանձնահատկությունն այն է, որ ցանկացած կանխատեսում մեկ շաբաթ անց վերանայվում է: Վերանայելով Ձեր նախորդ կանխատեսումները` հիմա ի՞նչ նոր դիտարկումներ ունեք:

- Հայաստանի նկատմամբ տրված իմ գնահատականները առաջնային չէին: Եվ այն գնահատականները, որ ես տվել էի աշխարհի տնտեսության կորուստների վերաբերյալ, այն ժամանակ դեռ բնակչության 35 տոկոսն էր ենթարկվում մեկուսացման, մինչդեռ 10-15 օր առաջ` արդեն 55 տոկոսը: Ակնհայտ է, որ հիմա գնահատականները շատ ավելի վատն են: Այն ժամանակ, իմ գնահատականով , աշխարհը օրական 250 մլրդ դոլար էր կորցնում, հիմա արդեն`մոտ 320 մլրդ դոլար: Իհարկե, երկրները սկսել են մեղմացնել սահմանափակումները, բայց, միևնույնն է, կորուստները մեծ են: Ես այն ժամանակ գնահատում էի, որ 20 օր չաշխատելով` աշխարհը կորցնում է 5 տրլն դոլար, հիմա արդեն կասեմ` 10-11 տրլն դոլար: Իսկ ՀՀ դեպքում, այո, 51 միլիոնը բազմապատկած 40-ով նշանակում է, որ կորցրել ենք մոտ 2 մլրդ դոլար:

-  Ձեր կարծիքով կառավարությունը հավելյալ ի՞նչ պետք է անի, որ մեղմվի ճգնաժամի հետևանքները:

- Կարծում եմ, ուղղությունները ճիշտ են ընտրված, հասկանում եմ կառավարության զգուշավորությունը: Իմ կարծիքը կարող եք ծայրահեղական գնահատել, բայց եթե դու չես կարող վիրուսի տարածման բոլոր հնարավոր տարբերակները փակել, պետք է աշխատանքային մեղմ ռեժիմ սահմանես: Իմ կարծիքով վիրուսի տարածման տեսանկյունից հագուստի խանութների աշխատանքի թույլ չտալը որևէ խնդիր չի լուծում, եթե թույլ է տրվում սննդամթերքի խանութների աշխատանքը: Մթերային խանութներում շփումները միգուցե ավելի վտանգավոր են:

- Եթե անգամ կառավարությունը որոշի չեղյալ համարել արտակարգ դրությունը, միևնույնն է, զբոսաշրջությունը չի գործելու, արտագնա աշխատանքի մեկնողները չեն գնալու ու գումար չեն ուղարկելու, մետաղական հանքանյութերի գները նվազելու են կամ առնվազն չեն բարձրանալու: Իսկ դրանք էական նշանակություն ունեին մեր տնտեսության մեջ: Այս բացասական երևույթներն ի՞նչ ազդեցություն կթողնեն:

- Արտագնա աշխատանքի մեկնողների և բարեկամների կողմից ուղարկվող մասնավոր տրանսֆերտները տարվա կտրվածքով կազմում են մոտ 600 մլն դոլար, և այդքանով կլինեն կորուստները: Դա չի մտնում օրական 51 մլն դոլար կորուստի մեջ: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա վերջին 10 տարիներին ՀՀ-ն այդ ոլորտում միայն անցած տարի է շատ փոքր դրական հաշվեկշիռ ունեցել: Այսինքն՝ ՀՀ-ից դուրս եկող զբոսաշրջիկները միշտ ավելի շատ փող են ծախսել, քան եկողներն են ծախսել մեր երկրում: Վրաստանը շատ մեծ դրական հաշվեկշիռ է ունեցել, որովհետև այնտեղ ավելի շատ գալիս են, քան թե գնում են: Թող ինձանից չնեղանան հյուրանոցների, ռեստորանային բիզնեսների սեփականատերերը, բայց ընդհանուր տնտեսության տեսանկյունից, կարծում եմ, ազդեցությունը գերագնահատված է ընդհանուր առմամբ: Իսկ արդեն մետաղների գների ընկնելը մեր արտաքին հաշվեկշռի վրա ազդելու է, բայց սովորաբար այնպես է եղել, որ երբ գները ընկնում են, արտադրանքն է ավելանում: Իսկ դրա ազդեցությունն ավելի շատ ճնշում է լինելու արժույթի վրա, քանի որ հանքարդյունաբերությունը մեծ կշիռ ունի արտահանման կառուցվածքում: Բայց տնտեսության մեջ հանքարդյունաբերությունը կազմում է մոտ 2,5 տոկոս, և նորից պետք չէ գերագնահատել այդ ոլորտի ազդեցությունը: Այո, ազդեցությունը բացասական է, բայց շատ մեծ չէ:

- Ասում եք, արտահանման նվազման արդյունքում ճնշում է լինելու արժույթի վրա, այդ դեպքում հնարավո՞ր է ամռան կեսերին կամ աշնանն արդեն դրամը արժեզրկվի:

- Այո, արտահանման նվազեցումը, երբ ներմուծումը մնում է նույն մակարդակի վրա, նման ազդեցություն կարող է ունենալ:Բայց պետք չէ դրանից վախենալ, արտարժույթի կայունությունն ինձ չի ուրախացնում, քանի որ դա վատ է տնտեսության համար: Դրամի կայունությունն ինձ չի ուրախացնում: Իմ կարծիքով ՀՀ տնտեսության համար ավելի լավ է, մի քիչ ավելի թերարժեվորված, քան թե գերարժեվորված արժույթ: