A
A
Հատուցման հարթություն անցնելու նոր ելակետ է․ Շահան Գանտահարյանը՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները ողջ աշխարհում չեղարկվում են՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով։ Որոշ միջոցառումներ էլ առցանց են իրականացվելու։
Այս, ինչպես նաեւ Լիբանանում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, լրագրող, հասարակական գործիչ Շահան Գանտահարյանի հետ։
Վերջինս ասում է՝ չնայած կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներին՝ Ցեղասպանության թեմաներով առցանց եղանակով քննարկումներն էլ իրենց առանձնահատկություններն ունեն։
Վերջին շրջանում, ըստ նրա, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում շատ կարևոր իրավաքաղաքական հանգրվան էր Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի, այնուհետև Սենատի կողմից ճանաչումը։
«Կարծում եմ՝ այս ձևով Ամերիկայի Միացյալ Նահանգները եկան համալրելու Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը։ Այսինքն՝ մենք պետք է սա անջատենք՝ նախագահն արտաբերել է այդ եզրը (նկատի ունի Ցեղասպանություն բառը - հեղ.), արտահայտել է, ստորագրել է, թե ոչ։ Որովհետև Ազգային ժողովի երկու բաղկացուցիչ հաստատությունները փաստորեն ընդունել են բանաձևը, քվեարկել են բացարձակ մեծամասնություններով, ընդ որում՝ շատ բովանդակային բանաձև (նաև դատապարտելու, Ցեղասպանությունը ճանաչելու առընթեր)։ Ուզում եմ ասել, որ շատ կարևոր է աշխարհաքաղաքական հզորագույն կենտրոնի կողմից պաշտոնական ճանաչումը․ մեր՝ ընդհանրապես ճանաչման աշխատանքից այլևս հատուցման հարթություն անցնելու նոր մեկնակետ է, նոր ելակետ է, նոր մոմենտում է այդ առումով», - ընդգծեց հասարակական գործիչը՝ կարևորելով նաև, որ այս տարի լրանում են Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակները։
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը կողմ չէ, որ Ազգային ժողովում քննարկվել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսից «պահանջում եմ»-ը հանելու հնարավորության հարցը։
Անդրադառնալով Լիբանանում կորոնավիրուսային իրավիճակին՝ Գանտահարյանը նշեց, որ այն վերահսկելի է։ Հարցին՝ հայերի շրջանում մահվան, վարակվածության դեպքեր կա՞ն, պատասխանեց. «Վարակվածության դեպքեր կան, բազմաթիվները բուժվել են։ Ցավոք, ունենք 3 մահ»։
Մանրամասները՝ տեսանյութում։