Զիջումներ չեն եղել և չեն լինելու․ Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի հայտարարությանը, ըստ որի՝ քննարկվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հիմնախնդրի կարգավորումը փուլային տարբերակի հիման վրա։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ ակտիվ քննարկում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները։ Դրանք ենթադրում են փուլային կարգավորում։
«Կասեմ հետևյալը. այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք, վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել քան թափանցիկ և մեր դիրքորոշումներն ու մոտեցումներն արտահայտել ենք շատ պարզ ձևով: Հիմա ավելի կոնկրետացնեմ: Քանի որ կոնկրետ բաների մասին է խոսք գնացել, ավելի կոնկրետ կխոսեմ հետևյալի մասին: Այո՛, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի, սկսած Քի Վեսթից մինչև վերջերս: Նշվել է նաև, թե ինչ փաստաթղթի մասին է խոսք գնում այս երկու տարվա ընթացքում»,- ասաց Մնացականյանը։
Ըստ ԱԳ նախարարի՝ 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման գանահատման վերաբերյալ, և 2014 թվականին առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։
«Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ ընդգծված, առաջնային գերակայություն է հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը։ Այն, ինչ վերաբերում է (ինչպես նշվում է, ինչպես, որ նշել է մեկնաբանության մեջ) տարածքներին, ամենից բացի անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր։ Որևէ կերպ, որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը»,- նշեց ԱԳ գերատեսչության ղեկավարը։
Վերջինիս խոսքերով՝ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը։
«Երկրորդ կարևորագույն տարրը, որ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի, ինքնորոշման սկզբունքն է, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարրն է այս բանակցային գործընթացում»,- ընդգծեց Զոհրաբ Մանցականյանը՝ հավելելով, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունքն է առանց սահմանափակումների։
Արտգործանախարարը հավելեց, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումների չեն եղել և չեն լինելու, հայկական կողմերը չեն ստանձնելու այնպիսի մոտեցում, որը կենթադրի անվտանգության խափանում, Արցախի բնակչության համար սպառնալիքի ստեղծում։
«Առավելևս այն պայմաններում, որ այդ սպառնալիքները մնում են ռեալ և էկզիստենցիալ։ Եվ հայկական կողմի համար առավել առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը բանակցային գործընթացում։ Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտությունը (անվտանգության և ստատուսի տարրի)»,- շեշտեց նա՝ հավելեով, որ սրա մասին իշխանությունները խոսում են արդեն 2 տարի։
Երրորդ կարևորագույն տարրը, ըստ Մնացականյանի, այն է, որ Հայաստանյան կողմն իր պատասխանատվությունն է կրում և ամբողջովին ներգրավված է բանակցային գործընթացի մեջ, և իր մասով ամբողջովին տանելու է այդ գործը։
«Հայաստանը մանդատ չունի Արցախի ժողովրդից ստացած։ Արցախում վերջերս ավարտվեցին ընտրությունները (նախագահական և խորհրդարանական), Արցախի իշխանությունները ստացան համապատասխան մանդատը մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրություննների միջոցով։ Եվ եթե կհիշեք, այս երկու տարվա ընթացքում անվերապահ հայաստանյան կողմը մշտապես աշխատել է, խորհրդակցել է սերտորեն արցախյան կողմի հետ։ Եվ ինչի մասին ես խոսում եմ, քննարկվել է մանրամասնորեն արցախյան կողմի հետ, և մենք աշխատում ենք միասին։ Եվ նույնը շարունակվել է նոր իշխանությունների հետ, որոնց հետ ունենք այդ համապատասխան երկխոսությունը։ Եվ արցախյան որևէ որոշում, որ վերաբերում է Արցախի ժողովրդին, չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի»,- ընդգծեց ԱԳՆ ղեկավարը։
Նա նաեւ նշել է,ո ր այս գործընթացը չունի որևէ այլընտրանք, քան խաղաղ կարգավորումը, որովհետև հայկական կողմերը վճռականորեն պաշտպանելու են իրենց ժողովրդին, իրենց անվտանգությունը: Այդ առումով միայն ու միայն խաղաղ կարգավորման միջոցով է հնարավոր հասնել հանգուցալուծմանը: