Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան
A A
Քաղաքականություն

ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն օգտագործեց միջազգային ընդարձակ լսարանը՝ Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու, Հայաստանի դեմ նոր պահանջներ ներկայացնելու և ագրեսորի պիտակ հագցնելու ուղղությամբ, գրում է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Բաքվում ավարտվեց ՄԱԿ-ի միջազգային կլիմայական կոնֆերանսը (COP29) և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս միջոցառման անցկացումն Ադրբեջանում տեղի էր ունեցել ՀՀ իշխանությունների համաձայնությամբ, փորձենք հասկանալ, թե ով շահեց ու տուժեց:

Նախ, սրան նախորդած պրոցեսում Հայաստանը 2 հիմնական ակնկալիք ուներ: Առաջինը, որ միջազգային դերակատարների ակտիվ ճնշումների պայմաններում Ադրբեջանը բանակցություններում կվերադառնար կառուցողական հուն և հնարավոր կլիներ նվազագույն կորուստներով ընդհանուր մոտեցումներում ըմբռնում ապահովել:

Երկրորդ, և՛ ներսում, և՛ դրսում ակնկալիք էր ձևավորվել, որ այս միջազգային միջոցառումից առաջ, ընթացքում կամ անմիջապես հետո Ադրբեջանը, որպես բարի կամքի դրսևորում, ազատ կարձակի Բաքվի բանտերում պահվող գերիների, ռազմագերիների առնվազն մի մասին:

Միանգամից արձանագրենք, որ Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց, այլև Ադրբեջանն օգտագործեց միջազգային ընդարձակ լսարանը Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու, Հայաստանի դեմ նոր պահանջներ ներկայացնելու և ագրեսորի պիտակ հագցնելու ուղղությամբ:

Ավելին, նույն COP29-ի օրերին Ադրբեջանը Հաագայի միջազգային դատարան նոր հայց ներկայացրեց ՀՀ-ի դեմ, իսկ գերիների թեման այդպես էլ մնաց առկախված:

Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար:

ԱՄՆ նախագահը նույնիսկ շնորհակալություն հայտնեց Ադրբեջանին՝ COP29-ի կազմակերպման համար, իսկ Գերմանիայի ԱԳ նախարարն ադրբեջանական իշխանությունների «երեսը լվանալով» հանդիպեց, այսպես կոչված, ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Ու սա այն դեպքում, որ Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ, առհասարակ, մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին:

Հիշեցնեմ, որ օրեր առաջ ԱԺ-ում հրատապ քննարկում էինք նախաձեռնել (հիմնական զեկուցողը ես էի), որով փորձում էինք հասնել ՀՀ խորհրդարանի կողմից համապատասխան հայտարարության շրջանառման՝ կոչ անելով Բաքվին հետևել միջազգային կոնվենցիաների պահանջներին և ազատ արձակել հայ գերիներին, ռազմագերիներին, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել այս հարցի հետ կապված մի շարք առաջնահերթությունների վրա:

Սակայն, խորհրդարանի իշխանությունը ներկայացնող հատվածը ոչ միայն տապալեց այս նախաձեռնությունը, այլև դրանով, ըստ էության, նաև աջակցեց ադրբեջանական իշխանություններին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար»,- նշել է պատգամավորը։