Բացել լրահոսը Փակել լրահոսը
94025402_2736016493293612_7983539665695145984_n
A A
Հասարակություն

Ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռք բերած երիտասարդը բուժման կարիք ունի

Գյումրիում բնակվող Միշա Դավթյանը Ապրիլյան պատերազմի օրերին ժամկետային զինծառայության մեջ է եղել: Ծառայել է Արցախի զորամասերից մեկում, կռվել թշնամու դեմ: 

Ապրիլյան պատերազմը հաղթահարելուց հետո զորամասի մեքենան վթարի  է ենթարկվել, դեպքից հետո նրա մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, վաղաժամ զորացրվել է:

Զորացրվելուց հետո  Միշան պարբերաբար ուշագնաց է լինում, անգիտակից տեղափոխվում է հիվանդանոց: Վերջին դեպքը գրանցվել է երեկ, ծանր վիճակում, անգիտակից տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որոշ ժամանակ անց ուշքի է եկել, մեզ հետ զրույցի պահին վիճակը փոքր-ինչ բարելավվել էր:

Միշան «Ա1+»-ին պատմեց, որ  մինչ բանակ զորակոչվելը առողջական խնդիրներ չի ունեցել,  հիվանդության մասին այլ մանրամասներ հրապարակել չցանկացավ, բայց փաստ է, որ խնդիր կա և հետագա բուժման անհրաժեշտություն՝ նույնպես: Սակայն հնարավորություն չունի։

«Հիվանդությունս ծառայության ընթացում եմ ձեռք բերել, դա փաստաթղթերում էլ նշված է, Մուրացանի հոսպիտալում ինձ բուժող բժիշկը նույնիսկ ասաց, որ հաշմանդամության  3-րդ կարգ է հասնում, փորձեցի կազմակերպել, տարբեր քաշքշուկների մեջ ընկա, դադարեցրի»:

Ծառայությունից հետո որևէ հետազոտություն չի անցել, այսօր չգիտի՝ անգամ ինչպիսի բուժման կարիք ունի: Օգնության խնդրանքով նամակով դիմել է պատկան մարմիններին, արձագանք չի ստացել, վստահ է, որ իր նամակները հասցեատերերին չեն հասել:

Նախկին զիծառայողի ընտանիքը այսօր նույնիսկ սեփական բնակարան չունի, բայց դա չի խանգարում ապրել ուրիշներին օգնելով:

Ապրիլյան պատերազմի մասնակիցը սեփական նախաձեռնությամբ տան պայմաններում դիմակներ է պատրաստել  ու տրամադրել խոցելի խմբերին, ծերանոցներին, դիմակների կարիք ունեցեղ մարդկանց:

Առողջական խնդրների վատթարացման  պատճառով այս պահին դադարեցրել է դիմակների պատրաստումը, բայց արդեն հասցրել է օգնել 4000 մարդու: