«Պետք է դուրս գալ բանակցություններից մինչեւ ապրիլի 24-ը» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ի զրույցը ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ:
-Ի՞նչ սպասելիքներ կան ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի քննարկումից:
-Հաշվի առնելով, որ անցած 10 տարիներին այս հանձնաժողովում նույն բանաձեւը 3 անգամ քննարկվել է, եւ 3 անգամ էլ հավանություն է տրվել, նաեւ հաշվի առնելով, որ այս անգամ եւ պետդեպարտամենտը, եւ Սպիտակ տունը նույն ակտիվությամբ դեմ հանդես չեն գալիս, ինչ նախկինում, նաեւ այն, որ ԱՄՆ-ի հրեական մի շարք համայնքներ էլ դեմ հանդես չեն գալիս այս բանաձեւին, կարծում եմ հավանականությունը մեծ է, որ այս անգամ եւս արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տալու բանաձեւին: Չնայած Թուրքիան բավականին ակտիվորեն փորձում է դեմ հանդես գալ, բացի երկու խորհրդարանական պատվիրակություն ուղարկելուց, սկսել է արդեն իր լոբբիստական կազմակերպություններով հանդես գալ, նաեւ մղում է այն ընկերություններին, որոնք տնտեսական գործառնություններ ունեն Թուրքիայի հետ, որ նրանք արդեն դեմ հանդես եկել են այս բանաձեւին:
Բայց այս ամենով հանդերձ, կարծում եմ, հանձնաժողովը ինքը դրական եզրակացություն կտա: Կարեւորն այն է, որ տալուց հետո բանաձեւը ներկայացվի լիագումար նիստին,ինչը նախկինում չի եղել: Չի եղել հիմնականում այն պատճառով, որ Սպիտակ տունն ու պետքարտուղարությունը շատ ակտիվ դեմ են հանդես եկել: Առ այսօր հստակ չէ, որ Սպիտակ տունն ու պետքարտուղարությունն իրենց կեցվածքը կփոխեն, որովհետեւ մարտի 4-ից հետո սպասվում է Թուրքիայի վարչապետի, ԱԳ նախարարի այցելություն ԱՄՆ, եւ այս ամենը մինչեւ ապրիլի 24' Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վավերացնելու ՀՀ կողմից անպաշտոն կերպով ներկայացված խելամիտ ժամկետը:
-ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անցած տարի ապրիլի 24-ին խուսափեց ցեղասպանություն բառն արտասանելուց'նախապես ակնարկելով, թե չի ցանկանում վնասել կարգավորվող հարաբերություններին: Չե՞ ք կարծում, որ այս անգամ էլ այդ պատրվակը օգտագործելով' ԱՄՆ-ն կխուսափի ցեղասպանության ճանաչումից:
-Այո, այս տարի եւս կարող է այդ պատրվակը օգտագործել, եթե կողմերից մեկը' Հայաստանը կամ Թուրքիան, մինչ այդ չեն ամրագրել, որ այս գործընթացը տապալվել է: Մենք կարծում ենք, որ Հայաստանը արդեն պետք է հայտարարի, չսպասի մինչեւ ապրիլի 24, որ Թուրքիայի նախապայմանով խոսելու պատճառով այս գործընթացը տապալվել է եւ մինչեւ դա չամրագրվի, կարծում եմ, Օբաման միշտ էլ կունենա առիթ, հնարավորություն, հայ-թուրքական բանակցությունները որպես պատրվակ օգտագործելու, որպեսզի ցեղասպանություն բառը չօգտագործի: Դա կախված է նրանից, թե կասի ՀՀ-ն, որ գործընթացը տապալվել է, թե ոչ: Վստահ չեմ, որ կասի, որովհետեւ ՀՀ իշխանությունների համար այս բանակցությունները միայն ՀՀ-Թուրքիա հարաբերություններ կարգավորելու համար չեն, այլ ՀՀ իշխանությունների որոշ շրջանակների' այս դեպքում ԱՄՆ-ին եւ արևմուտքին ներկայանալու որպես վստահելի գործընկեր: Ներքին լեգիտիմության բացը փակելու միջոց էր նաեւ այս նախաձեռնությունը: Բայց հաշվի առնելով, որ իշխանությունները սկսել են ինչ-որ չափով խստացնել իրենց ոճը, եւ այն փաստը, որ հիմնականում խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժերից բաղկացած պատվիրակություն է մեկնել ԱՄՆ ճիշտ այս օրերին, կարող է այն տպավորությունը թողել, որ ինչ-որ տեղ գուցե իշխանությունները իրենց կեցվածքը փոխեն եւ ասեն, որ այս գործընթացը այս անգամ տապալվեց:
-Սա Հայաստանի համար կլինի հաղթանա՞ կ, թե՞ պարտություն:
-Չէի ասի հաղթանակ: Բայց պետք չէ անտեսել այն հավանականությունը, որ ՀՀ իշխանությունները ինչ-որ գին վճարեն արտաքին ճակատում, որովհետեւ այդ նույն մարդիկ, որ այսօր ասում են, թե շատ լավ է, շատ եք անում եւ այլն, դա ասում են, ոչ թե որովհետեւ մենք շարժվում ենք մեր ազգային շահով, այլ շարժվում ենք իրենց ցանկությամբ: Իսկ ԱՄՆ-ի համար խիստ կարեւոր է ՀՀ-Թուրքիա հարաբերությունները տարածաշրջանային առումով, նախ որովհետեւ դա պիտի ի վերջո պատճառ դառնա, որպեսզի ԱՄՆ-ն ՀՀ-ին հարց տա, եթե Թուրքիայի հետ նորմալ հարաբերություն ունես, ինչո՞ւ Իրանի հետ այսքան սերտ կապեր ունես, եթե Թուրքիան այլեւս սպառնալիք չէ, ռուսական ռազմակայաններն ինչ են անում այստեղ, եւ ամենակարեւորը, ՀՀ-Թուրքիա իրավական սահմանի հիմնական պատասխանատվությունը ընկնում է ԱՄՆ-ի վրա, եւ Միացյալ Նահանգները փորձում է Հայաստան-Թուրքիա այս արձանագրություններով, ոչ թե հարաբերություններով, այլ արձանագրությունների այս տեսքով լուծել իր պատասխանատվության հարցը: Դրա համար էլ ԱՄՆ-ի իշխանությունները անընդհատ հայտարարեցին, որ հունվար 12-ի ՍԴ-ի որոշումը չի ակնկալում որեւէ նախապայման կամ վերապահում վավերացման ժամանակ, ինչը չափից շատ միջամտություն էր մեր ներքին գործերին: Իրենց այդ դիրքորոշումն արտահայտեց նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը փետրվարի սկզբին թուրքական մի թերթում, որը անգլերեն թարգմանված, դրված է դեսպանատան կայքում: ԱՄՆ դեսպանն ասում է, որ այս արձանագրությունները վերահաստատում են Կարսի պայմանագրով ճշտված սահմանները: Սա հիմնական երկրորդ պատճառն է, որ ԱՄՆ-ն փորձում է անպայման այս տեսքով հարաբերություններ հաստատել: Դրա համար էլ կարծում եմ, կարող է ԱՄՆ ղեկավարությունը դժգոհի ՀՀ իշխանություններից, եթե նրանք ասեն, որ այս գործընթացը տապալվել է, բայց դա չարյաց փոքրագույնն է, քան այն, ինչ մենք վճարելու ենք, վճարում ենք' մնալով այս գործընթացում:
-Թուրքիայի վերջնագրերով խոսելը, մասնավորապես, երեկ ԱՄՆ-ին ուղղված Էրդողանի կոչը' սթափ գնահատել իրավիճակը եւ չվնասել հայ-թուրքական հարաբերություններին, կարո՞ ղ է պատճառ դառնալ ՀՀ-ի' բանակցություններից դուրս գալու համար:
-Սա ուղղակի հավելյալ հիմք է, որովհետեւ ՀՀ-ն հիմք ուներ նույնիսկ չստորագրված արձանագրությունների ժամանակ, որովհետեւ ապրիլի 5-ից Էրդողանը նույն բանն է ասում: Նրանք նախապայմաններով խոսեցին արձանագրությունների նախասոտրագրման ժամանակ, ստորագրման պահին, հաջորդ օրը հայտարարեց, թե մեկ է, մենք չենք կարգավորի հարաբերությունները մինչեւ Ղարաբաղի հարցը չկարգավորվի, եւ դրա համար էլ ինքը զարմանում է, թե ինչ ասացի, որ ՀՀ իշխանություններն ասում են նախապայման' նույն բանը սկզբից ասում եմ: Եվ ինքը ճիշտ է, մերոնք են, որ նոր են սկսել լսել, ի տարբերություն հոկտեմբերի 11-ին մեր նախագահի մեկնաբանությանը, որ Էրդողանը ինչ է ասում, այն ժամանակ նա ասաց, որ ներքին սպառման համար է' ոչինչ, հիմա է, որ սկսել են որպես նախապայման հասկանալ: Այդ բոլորը բավարար հիմք է ասելու, որ Թուրքիան տապալել է այս գործընթացը: Պիտի ամրագրենք, որ Թուրքիայի համար ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումն այսօր նախապատվություն չէ, այլ աշխարհին ցույց տալ, թե ինչ-որ պրոցես կա, բայց ոչ թե իրական հարաբերություններ հաստատել:
-Վերադառնալով ԱՄՆ-ում այս օրերին խնդրո առարկա բանաձեւին, ձեր կարծիքով, ԱՄՆ-ի պետական շահից բխո՞ ւմ է հայերի ցեղասպանության ճանաչումը:
-Ցեղասպանության ճանաչումը չվերահաստատելը առնվազն այս իշխանության համար բավական խոցելի իրավիճակ է ստեղծում, որովհետեւ թեկնածու Օբաման ի տարբերություն իր նախորդների, շատ հստակ է ասել, որ ԱՄՆ-ի նախագահը պետք է ասի ցեղասպանություն: Առավել, ինչ է նշանակում, ես չեմ հասկանում, որ ԱՄՆ-ի նախագահն ասում է, թե ես իմ անձնական տեսակետը չեմ փոխում:
Ես չհասկացա, ԱՄՆ-ի նախագահը կարող է ուրիշի տեսակետն է գործադրում, եթե իր տեսակետն այն է, որ եղածը ցեղասպանություն է, թող ասի ցեղասպանություն է, մանավանդ որ 40-ից ավելի Նահանգներ ճանաչել են: Այսօր եթե Սպիտակ տունը չմիջամտի, ներկայացուցիչների պալատը կողմ կքվեարկի այս բանաձեւին: Այսինքն, ամեն ինչ կենտրոնանում է նույն անձի վրա' Սպիտակ տան բնակչի վրա, ինչը նշանակում էր, որ հատկապես այս նախագահի դեպքում, որից մեծ ակնկալիքներ կային, մեկ առավել սեւ կետ եւս կլինի իր ոչ կոռեկտ պահվածքի վրա: Իսկ ԱՄՆ-ի շահերից բխում է ունենալ դաշնակիցներ' Թուրքիայի նման, որոնք սպառնալիքով չէ, որ պետք է խոսեն ԱՄՆ-ի հետ: Սակայն այսօր արդեն Թուրքիայում կա տեսակետ, ինչպես նախագահ Օզալի ժամանակ, թե ճանաչեք ցեղասպանությունը, վերջացրեք, մեզ համար հոգ չէ, որովհետեւ այս բանաձեւն արդեն ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա ճնշման լծակի է վերածվել: Այսինքն, ճիշտ է, որ բխում է նաեւ հայերի շահերից, բայց սա լծակ է Թուրքիայի վրա ճնշում գործելու: Կարծում եմ մեկ անգամ ընդմիշտ ճանաչելով' խնդրի այս ձեւով հետապնդումը պետք է արդեն փոփոխության ենթարկվի: Իսկ ԱՄՆ-ի շահերից բխում է ցեղասպանության ճանաչումը, քանի որ նախ արդարությունն է հաղթում եւ երկրորդ, իր դաշնակիցներից մեկին դրանով կհասկացնի, որ պետք չէ իր հետ սպառնալիքներով խոսել:
-ԱՄՆ-ը, ճանաչելով հայերի ցեղասպանությունը եւ վերականգնելով արդարությունը, արդյոք ավելի չի՞ նպաստի հայ եւ թուրք ժողովուրդների մերձեցմանը:
-Ճիշտ է, որովհետեւ ԱՄՆ օրենսդիր երկու պալատները տարեկան հարյուրավոր բանաձեւեր են ընդունում նման բովանդակությամբ, բայց ոչ մեկը այսքան քաղաքական մեծ արժեք չի ստանում, որովհետեւ Թուրքիայի նման մեկը չկա, որ այդպես ընդդիմանա: Այս բանաձեւերը, որ իրավական արժեք չունեն, քաղաքական բացառիկ մեծ արժեք են ստանում շնորհիվ Թուրքիայի դիմադրության: Եվ սա վերածվել է հայ-թուրքական պայքարի ամերիկյան դաշտում' ուժի ցուցադրության համար: Իսկ երկու ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար պետք է , որ Թուրքիան ցեղասպանությունը ճանաչի, բայց Թուրքիան փորձում էր այս բանակցությունները օգտագործել ցեղասպանության ճանաչման առաջն առնելու համար, ցեղասպանության ճանաչման ճնշումից դուրս գալու համար: Երկրորդ, հնարավորություն կտա ասենք Մեծ Բրիտանիային ճանաչել ցեղասպանությունը, ինչը նա չէր անում Թուրքիային չնեղացնելու համար, եւ ամենակարեւորը թուրք հասարակությանը կաջակցի, որ իր պատմությունն ավելի լրջորեն ուսումնասիրի, եւ Թուրքիայում կվերացվեն այն արգելքները, որ այսօր կան, որոնք արգելում են թուրք ժողովրդին ուսումնասիրել իր անցյալը:
Զրուցեց Դիանա Մարկոսյանը