Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Հասարակություն

Սահմանափակումները նախ պետք չէր մտցնել, երկրորդ՝ հանելուց էլ սկսել գյուղերից, ծայրամասից․ բժիշկ Հայկ Մանասյան (տեսանյութ)

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը գտնում է, որ բժշկական ոլորտի մասնագետներն իրենց վերադասի և տնօրենների անմիջական, բարոյական ճնշման տակ են, իսկ վերջիններս էլ իրենց հերթին՝ նախարարության նյութական ճնշման տակ՝ պետպատվերներ ստանալ-չստանալու մասով։

Այս իրավիճակը, ըստ նրա, բերել է նրան, որ բժիշկները չեն կարող ազատ արտահայտվել կորոնավիրուսի հետ կապված հարցերով, քանի որ կարող են «վատամարդ» լինել կամ ավելի լուրջ խնդիրներ ունենալ։

«Ա1+»-ի հետ զրույցում բժիշկն ասում է՝ մասնագետները միայն մասնավոր զրույցներում են տարբերվող կարծիք արտահայտում «Օրինակ դիահերձումի արգելքը ոչ կոմպետենտ և ոչ մասնագիտական քայլ էր։ Չգիտեմ քաղաքակա՞ն, թե՞ ինչ դրդապատճառներով։ Բայց ավելի ռիսկային խնդիրներ են եղել, մասնավորապես ապացուցված է, որ պանդեմիկ գրիպի դեպքում թոքերի հյուսվածքը կարող է վարակիչ լինել հերձման ժամանակ, բայց դիակից վարակվելու մի դեպք չի գրանցվել»։

Ըստ գաստրոէնտերոլոգի՝ պանդեմիկ գրիպի ժամանակ դիահերձումները, սակայն, շարունակվում էին, և ոչ ոք խնդիր չունեցավ, բայց չգիտես ինչու՝ հիմա դիահերձումները կասեցվել են։

Հիվանդության դեմ պայքարը, ըստ Մանասյանի, պետք է ընթանա բնականոն կյանքը հնարավորինս պահպանելու հունով։ 

«Սահմանափակումները նախ պետք չէր մտցնել  (սկսենք դրանից), երկրորդ՝ հանելուց էլ սկսել գյուղերից, ծայրամասից։ Սկզբում անում են գյուղերում, հետո մարզկենտրոններում փորձում են որոշակի աշխուժություն թույլ տալ»,- ընդգծեց Հայկ Մանասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։