«Ռուսաստանում կալանավորված Հայաստանի 9 քաղաքացու գործով դեռևս զարգացում չկա»
Աջակցիր «Ա1+»-ին2019 թվականի հունիսի 1-ին Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան Կրասնագորսկ շրջանի Պուտիլկովո ավանում, «ԲիրՀաուս» բարի մոտակայքում վիճաբանություն էր եղել, որի ընթացքում դանակի հարվածից մահացու վիրավորում էր ստացել ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը։ Սպանության գործով կալանավորվել է ՀՀ 9 քաղաքացի, 2 հոգի էլ հետախուզման մեջ է, որոնից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ ՌԴ։
Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սպանության, սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով:
Կալանավորվածները Ռուսաստանում են։ Այս տարվա մարտի 2-ին հարազատները, փաստաբանները հավաք էին անցկացրել ՌԴ դեսպանատան առջև՝ բարձրաձայնելով, որ գործի քննությունները ոչ օբյեկտիվ են ընթանում, և կոչ էին անում ՀՀ իշխանություններին միջոցներ ձեռնարկել։
Այս օրերին, գործի զարգացումների հետ կապված խոսել էինք կալանավորված Համլետ Հայրապետյանի փաստաբան Իրինա Խալատովայի հետ։
«Համընդհանուր կարանտին է, դեռևս լռություն է։ Գործը դեռ ծանոթացման փուլում է, բայց և քննչական գործողություններ չեն իրականացվում, բանտերում նույնպես կարանտին է հայտարարված»,- նշել էր նա։
Իրավիճակի հետ կապված «Ա1+»-ը մեկնաբանության համար նաև դիմել էր Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանին։
Նա մեզ էր փոխանցել ՌԴ-ում ՀՀ դեսպանության պատասխանը։
Պատասխանի մեջ նշված է, որ տեղի ունեցածի շուրջ ընթացող զարգացումները դեսպանության ուշադրության կենտրոնում են, այս հարցում դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ պատկան մարմինների և գործում ներգրավված մեր հայրենակիցների փաստաբանների հետ։ ՀՀ դեսպանությունն ընդգծել է, որ հարուցված քրեական գործի շուրջ հարցերը քննարկվել են 2019թ․-ի հոկտեմբերին՝ Երևանում կայացած ՀՀ և ՌԴ Քննչական կոմիտեների ղեկավարների հանդիպման ժամանակ։
«Միևնույն ժամանակ նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր անձնական երաշխավորությունն է տվել ՀՀ քաղաքացիների՝ խափանման միջոցի փոփոխման հարցում։ Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել նաև անձամբ ներկա լինելու նշյալ գործով դատական նիստին»,- նշված է դեսպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից։
Մենք նաև հարցումով դիմել էինք ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիմա Եգանյանին։
ՔԿ-ն մեր հարցմանը պատասխանել է, որ թեպետ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն իրավասու չէ միջամտելու Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեում քննվող քրեական գործին, այդուհանդերձ, ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը, անհանգստացած լինելով ՌԴ-ում քննվող քրեական գործով անցնող Հայաստանի 9 քաղաքացու ճակատագրով, 2019թ. հոկտեմբերին՝ Երևանում և նույն թվականի նոյեմբերին՝ Մոսկվայում, ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահների միջև կայացած հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ թեմաների, քննարկման առարկա է դարձրել նաև այս հարցը:
«Միաժամանակ հայտնում ենք, որ 2019թ. հոկտեմբերի 23-ին, ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը պաշտոնապես դիմել է ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին՝ նշված քրեական գործով ՀՀ քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու հիմքերի օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու խնդրանքով: Պատասխան նամակով ռուս գործընկերն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ վստահեցնելով, որ քրեական գործի նախաքննությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն՝ խստագույնս ապահովելով լրիվ, օբյեկտիվ և բազմակողի քննությունը։ Հավելել է նաև, որ նախաքննության ընթացքը գտնվում է իր հսկողության տակ»,- նշված է պատասխանի մեջ։
Կալանավորվածներից մեկի եղբայրը՝ Ռուբեն Խոջայանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործի նյութերին ծանոթանալու ընթացքը դեռ չի ավարտվել, և սպասում են, որ այնտեղ կարանտինային վիճակը կվերջանա, մարդիկ կան, որ դեռ չեն ծանոթացել գործի նյութերին։
«Կծանոթանան, նոր գործը կուղարկեն դատախազություն, եթե այդ մեղադրանքներով ուղարկվեն, դատախազությունն էլ հաստատի կամ չհաստատի, հետ ուղարկի, այսինքն՝ այդ պրոցեսն է գնալու արդեն»,- նշեց նա։
Կալանավորվածների առողջական վիճակի մասով Խոջայանն ասաց, որ որևէ բացասական բան չկա․ «Կարծում եմ, որ (առաջ Աստված) ամեն ինչ լավ կլինի։ Որևէ այլ խնդիր չկա այս պահին»
Հետախուզման մեջ գտնվողներից մեկի (Գուրգեն Աղայան) վերաբերյալ Խոջայանն ասաց, որ նա այն բարի վարձակալն է, որ մոտ տեղի է ունեցել միջադեպը, ՀՀ քաղաքացի է, այս պահին ՀՀ-ում է, սակայն նրա նկատմաբ որևէ գործողություն չկա։
«Օրենսդրությունը թույլ չի տալիս․ իրենք պետք է գործն ուղարկեն Հայաստան, որ ՀՀ-ն գործը քննի։ Բայց նրանք չեն ուղարկել, և ինքն այնքան պետք է սպասի՝ մինչև այդ գործն ուղարկեն։ Իսկ իրեն չեն արտահանձնի, որովհետև ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս արտահանձնել։ Միայն բացառիկ դեպքերում, իսկ սա բացառիկ դեպքերից չէ, որ իրեն արտահանձնեն»,- նշեց Խոջայանը։
Իսկ մյուս հետախուզվողը, ըստ Խոջայանի, Բելյանկինին մարմնական վնասվածք հասցրած Հովհաննես Հայրապետյանն է, որի տեղն անհայտ է։
Նշենք, որ այս տարվա մարտի 2-ին ՌԴ դեսպանատան առջև տեղի ունեցած հավաքի ժամանակ էր փաստաբաններից Կարեն Ներսիսյանը խոսել միջադեպից։ Նա պատմել էր, որ երկու հարբած ռուս կոնֆլիկտի մեջ էին մտել հայերի հետ, որի ընթացքում Նիկիտա Բելյանկինն անցնելիս էր եղել։ Խառնվելով միջադեպին՝ Բելյանկինն ատրճանակով 3 անգամ կրակել էր հայերից մեկի՝ Հովհաննես Հայրապետյանի ուղղությամբ, որն էլ մահացու (սրտի մոտ) դանակահարել էր Բելյանկինին։
Համլետ Հայրապետյանի փաստաբան Իրինա Խալատովան մեզ հետ զրույցում նշել էր, որ գործը փչված է, քննությունն ընթանում է ոչ օբյեկտիվորեն։ «Որպեսզի թաքցնեն հանգուցյալ Բելյանկինի իրական, ոչ իրավաչափ գործողությունները, որն առանց անհրաժեշտության, առանց մոտիվի, բացարձակապես անհիմն կերպով ատրճանակ է օգտագործել», - նշել էր փաստաբանը։
Խալատովան նաև մտահոգություն էր հայտնել, որ եթե Հովհաննես Հայրապետյանը հայտնվի բանտում, ապա նրան կարող են սպանել։