A
A
Անհանգստացած են Ռուսաստանում ձերբակալված ՀՀ 9 քաղաքացիների ճակատագրով․ հավաքվել էին ՌԴ դեսպանատան առջև (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ։
«Ա1+»-ի հեզ զրույցում փաստաբան Կարեն Ներսիսյանն ասաց, որ պատճառը Ռուսաստանում ձերբակալված 9 քաղաքացիների հետ կապված խնդիրն է. «Հարազատները մտահոգված են իրենց հարազատների ճակատագրով, որոնք այսօր Ռուսաստանին բանտերում են» ։
Իսկ թե ինչո՞ւ են ձերբակալված ՀՀ ինը քաղաքացիները, փաստաբանն ասաց, որ 2019 թվականի հունիսի 1-ին մերձմոսկովյան Կրասնագորկ քաղաքում վիճաբանություն է եղել, որի ընթացքում մահացել է Բելյանկին ազգանունով ռուս նախկին զինվորական, որի սպանության մեջ կասկածվում են ՀՀ 9 քաղաքացիները։
Գործի քննությունն ավարտվել է, որի ընթացքում պարզվել է, որ սպանողն ունեցել է պատճառ՝ ինքնապաշտպանություն։
Փաստաբանի խոսքերով՝ ձերբակալված 9 անձինք կապ չունեն տեղի ունեցածի հետ, քանի որ չեն մասնակցել վիճաբանությանը, սպանության մոտիվ չեն ունեցել և միայն փորձել են կարգի հրավիրել հարբած խուլիգաններին։
«Երկու խմած-հարբած ռուս կոնֆլիկտի մեջ են մտել այս հայ տղաների հետ, որոնք այդ օրը ծննդյան օր էին նշում, և այդ օրը եղել են բարի մոտակայքում։ Բելյանկին անցել է այդտեղ հավաքված մարդկանց մոտով, այդ իրավիճակը վտանգավոր է գնահատել ռուս քաղաքացիների համար, հանել է իր ատրճանակը և վախեցնելով փորձել է ցրել կոնֆլիկտի մասնակիցներին։ Մի անգամ կրակել է օդ, բայց մարդիկ փորձել են բացատրել, որ այդ կոնֆլիկտի մեջ մեղավոր են ռուսները, ոչ թե հայերը», - շարունակեց պաշտպանը։
Ըստ Կարեն Ներսիսյանի՝ Բելյանկինը հետո 3 անգամ կրակել է հայ քաղաքացիներից մեկի՝ Հովիկ Հայրապետյանի վրա, հետո ատրճանակն ուղղել մյուսների վրա։ «Հովիկ Հայրապետյանը փորձել է Բելյանկինին, բացատրել, որ իրենք ոչ մի մեղք չունեն», - նշեց նա։
Նա, ում վրա Բելյանկինը կրակել էր, ըստ փաստաբանի, հետո դանակով մահացու վիրավորել է Բելյանկինին։
Վերջինս, փաստաբանի խոսքերով, եղել է կամավորական և կռվել է Սիրիայում, Դոնբասում, կապեր է ունեցել ռուս ազգայնական շրջանակների հետ, մեծ աղմուկ բարձրացել ռուսական մամուլում, համացանցում, և սկսվել է հակահայկական քարոզչություն, իսկ գործի քննությամբ զբաղվել է Ռուսաստանի քննչական կենտրոնական ապարատը, իսկ ամբողջ ոստիկանությունը զբաղված է եղել, թե ինչպես անել, որ մարդկանց հանգստացնել և բերանները փակել։
Համլետ Հայրապետյանի փաստաբան Իրինա Խալատովան ասաց, որ գործը փչված է, որ ռեզոնանս առաջանա, դա անհրաժեշտ է Ռուսաստանի կառույցների համար, քննությունն ընթանում է ոչ օբյեկտիվորեն։
«Որպեսզի թաքցնեն հանգուցյալ Բելյանկինի իրական, ոչ իրավաչափ գործողությունները։ Որն առանց անհրաժեշտության, առանց մոտիվի, բացարձակապես անհիմն կերպով ատրճանակ է օգտագործել», - ընդգծեց փաստաբանը։
Ձերբակալված անձանցից մեկի եղբայրը՝ Ռուբեն Խոջայանն ասաց, որ շուրջ ինն ամիս է՝ նախաքննությունն է ընթանում, գործը հասել է այն փուլին, որ բոլորով արդեն ծանոթանում են նյութերին, և որևէ դրական տեղաշարժ չկա։
«Եվ մենք տեսնում ենք, որ գործը մի ուղղությամբ է գնում։ Այսինքն՝ ի սկզբանե ոչ իրավաչափ հիմնավորումներով իրենց մեղադրանքներ են առաջադրված», - շեշտեց Խոջայանը։