Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առաջին գոլը խփեցին խաղից դուրս վիճակից»

Սպորտ

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Իռլանդիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնին ընկերական խաղում Բրազիլիայի հավաքականից կրած պարտությունից հետո (0:2) ասաց, որ իր սաները հավասար պայքար մղեցին ահեղ մրցակցի դեմ:

«Առաջին 45 րոպեներին մենք բավական որակյալ խաղ ցուցադրեցինք եւ ոչնչով չզիջեցինք ահեղ մրցակցին: Բրազիլացիների խփած առաջին գոլը մրցավարները պետք է չհաշվեին, քանի որ Ռոբինյոն մինչեւ փոխանցում կատարելը գտնվում էր խաղից դուրս վիճակում, որից հետո նոր ինքնագոլ եղավ: Եթե հաշիվը մնար նույնը, ապա բրազիլացիները բոլորովին այլ տրամադրվածություն կունենային երկրորդ կեսում»,-ասել է մարզիչը:

Իտալացի անվանի մասնագետն, այնուամենայնիվ, գտնում է, որ պարտությունն իր պատճառներն ուներ. «Ցավոք, մենք 2-3 անգամ սխալվեցինք պաշտպանությունում եւ մրցակցին թույլ տվեցինք գոլային պահեր ստեղծել: Ես ընդմիջումից հետո ստիպված փոխարինեցի Անգլիայի պրեմիեր լիգայում խաղացող ֆուտբոլիստներին, քանի որ նրանք հոգնել էին, բացի այդ խաղը փրկելու հնարավորություններ չէի տեսնում»:

Բրազիլացիների գլխավոր մարզիչ Կառլոս Դունգան բարձր գնահատական տվեց Իռլանդիայի հավաքականին` նշելով, որ իրենք ճիշտ մրցակից էին ընտրել ստուգողական խաղ անցկացնելու համար: